Նիկոլ Փաշինյանը որոշել է հունիսի 4-ի մեծ բանավեճը վերածել Նիկոլ Փաշինյանի ասուլիսի։ Այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական հեռուստաբանավեճեր է նախատեսել հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։ Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։ Մինչ բանավեճը ուժերը մասնակցում են նախապատրաստական հանդիպման։
Զուրաբյանը հայտնել է, որ մայիսի 25-ին իրենց կուսակցության ներկայացուցիչները Հանրային հետուստատեսություն հրավերով գնացել են այնտեղ, եւ իրենց է ներկայացվել ձեւաչափը, որով պետք է անցկացվի հունիսի 4-ի գլխավոր բանավեճը՝ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների միջև։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ բանավեճը հետեւյալ կերպ է կազմակերպվելու․ «Մենք հնարավորություն չենք ունենալու խոսել առանձին, տարբեր կառավարման ոլորտների հետ կապված մեր ծրագրերի մասին, միակ ֆորմատը լինելու է հետեւյալը, ամեն թեկնածու հարց է տալու որեւէ այլ թեկնածուի, ընդ որում 30 վայրկյան, իսկ էն թեկնածուն, որին հարցն ուղղված է, պատասխանելու է մեկ րոպե։ Իրականում դա ինչի՞ է վերածվելու։ Հասկանալի է, չէ՞, որ ընդդիմադիր կուսակցությունները շահագրգռված են հարց ուղղել գործող իշխանությանը։ Այսինքն՝ մենք մեր 30 վայրկյանանոց հարցերը պիտի տանք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի 18 թեկնածուների հարցերին 1 րոպե, այսինքն՝ 18 րոպե․ դա դառնում է Նիկոլ Փաշինյանի շոուն, ասուլիսը։ Սա արհեստական ձեւաչափ է, որով իրենք ուզում են ամբողջ բանավեճը դարձնել Նիկոլ Փաշինյանի ելույթ։
Սա տխուր է, անհավասար պայմաններ են, դաղալ, ճղճիմ, հերթական փոքրոգի մոտեցումը Նիկոլի կողմից, որ փորձում է այսպիսի ձեռնածություններով առավելություններ ստեղծել այդ բանավեճում։ Բայց մենք ստիպված ենք ընդունել դա։ Անհավասար պատերազմը չպիտի ընդունես, եթե դա վերաբերում է արտաքին ոլորտին, որովհետեւ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր հայտնվում է սպառնալիքի տակ, ինչը մենք ունեցանք 2020 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց 2019 թվականի ԵԱՀԿ ՄԽ պլանը եւ մեզ ներքաշեց Ադրբեջանի հետ պատերազմում, որում իսկապես անհավասար պայամններում էինք եւ ջարդուխուրդ արվեցինք։ Բայց ներքաղաքական պայքարում, ինչքան էլ անհավասար զենքեր առաջարկվեն, դա մեր պարտքն է ժողովրդի առաջ՝ գնալ, փորձել մեր ճշմարտությունն ասել, բացահայտել խաբեբաներին։
Այնպես որ մենք ընդունում ենք մարտահրավերը»,- հայտարարել է Զուրաբյանը։