r3yzjxzaokisfwmyum67nciaanil8nj6p3mfrqot

Քոչարյանը Մեղրիում քարոզարշավային հանդիպմանը խոսել է TRIPP-ի մասին | armenpress.am

 armenpress.am «Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` TRIPP նախագծում պետք է ընդգրկված լինի նաև երկիր, որի նկատմամբ Իրանն ունի լիարժեք վստահություն։

Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Մեղրիում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա համոզմամբ՝ TRIPP-ը Միացյալ Նահանգների ծրագիրն է Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ոչինչ չի տալու Հայաստանին։

«Ես չեմ տեսնում նաև Միացյալ Նահանգների ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը։ Այդ տեսանկյունից սա պրոբլեմային է»,-ասաց Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այն հանգեցնելու է Իրանի հետ լրջագույն խնդիրների։

Այդ պատճառով, ըստ նրա, ծրագիրը պետք է համալրվի այլ պետություններով, որոնց նկատմամբ առկա է Իրանի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն աշխարհաքաղաքական շահերի բախման առումով խնդրահարույց կարող է լինել։

Ռոբերտ Քոչարյանը նաև այլ տարբերակ է տեսնում՝ Հայաստանի միջոցներով կառուցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը և այն գործի դնել առանց աշխարհաքաղաքական կոմպոնենտի։

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդը չի բացառում, որ նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված, Իրանը կարող է փակել Հայաստանի հետ սահմանը, որը կարևոր հնարավորություն է նաև ԱՄԷ-ի հետ առևտրի, ինչպես նաև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է համաձայնել մեկ այլ երկրի մասնակցությանը նախագծում, Քոչարյանն օրինակ է բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, բացի այդ ընդգծելով, որ ներկայում էլ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց հետ քննարկում են Արկտիկայի ռեսուրսների ուսումնասիրման ու համատեղ շահագործման հարցեր։ Ըստ Քոչարյանի՝ Իրանի համար վստահելի երկիր կարող է լինել նաև՝ Չինաստանը։

«Հայաստան դաշինք»-ի առաջնորդը համարում է, որ այդ հարցը հնարավոր է լուծել բանակցելով, որի ընթացքում անպայման պետք է խորհրդակցել Իրանի հետ՝ հասկանալու, թե այս կամ այն ֆորմատն իրենց ընդունելի է, թե ոչ։

TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ ներդրումային նախագիծ է, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ TRIPP-ի միջոցով նաև ապահովվելու է Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն