Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները մեծ տարածում ունենան՝ հասանելի լինելով լայն շրջանակների։ Որպես հոբելյանական կարևոր միջոցառում՝ նախարարն առանձնակի անդրադարձել է Փարիզում Աճառյանի անվան հուշատախտակի բացմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ են իրականացվում։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորվել է նաև Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով։
Ներկայացված ծրագրով նախատեսվում է Աճառյանի հոդվածները, որոնք շատ հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում, մեկտեղել և հրատարակել առանձին հատորներով։ Հանձնաժողովը խրախուսելի է համարել ինչպես դպրոցականների մասնակցությունը միջոցառումներին, այնպես էլ տարբեր հաստատությունների նախաձեռնողականությունը՝ ներկայացնելու սեփական ծրագիրը։
Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր: