levon-zurabyan-1

Իշխանությունների քաղաքականությունն ուղղված է նրան, որ ՀՀ-ն վերածվի «իրական Հայաստան» նախագծի անվանման տակ խամաճիկային մի միավորման. Լևոն Զուրաբյան

1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերածնվեց համաշխարհային քարտեզի վրա՝ որպես հայկական ազգային պետություն, ապացուցելով աշխարհին, որ հայ ժողովուրդը զուտ անցյալի իրողություն չէ, այլ մի ժողովուրդ, որը դարերի և այլազգիների տիրապետությունների և ասպատակությունների միջով անցկացրել է սեփական պետություն ունենալու իր անկոտրում կամքը: Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։

«Այդ փորձը երկար պատմություն չունեցավ, բայց Հայաստանը որպես ազգային միավորում այլևս իրողություն էր, թեկուզև իր թերի ու անազատ` Խորհրդային Հայաստանի կարգավիճակով:

1988-ի Մեծ ազգային զարթոնքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը նորից դարձել է լիարժեք գործող անկախ պետություն, ամփոփելով իր մեջ հայ ժողովրդի պատմությունը և դառնալով ինչպես մեր ինքնության, պատմամշակութային ավանդույթների և հոգևոր արժեքների պահապանը, այնպես էլ՝ դեպի առաջընթաց և զարգացումն ուղղված մեր ժողովրդի իղձերի իրականացման երաշխավորը:

Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունն արդեն անթաքույց ուղղված է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը դադարի գործել որպես ազգային պետություն և վերածվի «իրական Հայաստան» նախագծի անվանման տակ խամաճիկային մի միավորման, որի միակ գործառույթը լինելու է օտար տերերի շահերի սպասարկումը և Հայաստանի ադրբեջանացումը՝ և´ ժողովրդագրական փոփոխության, և´ ավտորիտարիզմի ներմուծման առումով:

Հունիսին 7-ին, հետևաբար, մեր ժողովուրդն անելիք ունի` հաստատել անկախ ազգային պետություն ունենալու իր կամքը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և շնորհավո՛ր Հանրապետության օրը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն