l-11x0wh-1157x674z-0-6795

Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ «Պահպանելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները և ուժեղացնելով ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

«Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշեց, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ

Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։

Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։

Հավելվեց, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն