ռոբերտ քոչարյան

Եթե այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ․ Ռոբերտ Քոչարյան

«Այս իշխանությունն ութ տարի ժողովրդին ասում էր, որ ամեն ինչ լավ է։ Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում, որ ամեն ինչ լավ է»,- «Ազատություն» հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջինը՝ խաղաղությունից խոսելիս բերեցին պատերազմ։ Տվեցին 5000-ից ավելի զոհ։ Հիմա էլ ընդունում են, որ արել են դա միտումնավոր՝ հասկանալով, որ ամեն ինչ կորցնելու են, բայց արել են այդպես, որ իրենց դավաճան չասեն։ Երկրորդ՝ թշնամուն հանձնել են 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք։ Եվ ի՞նչ են ասել. ասել են՝ սոված կմնան, կգնան տուն։ Մինչև այսօր այդ սոված մնալը շարունակվում է։ Սա երկրագնդի վրա ամենաերկար հացադուլն է, որը թշնամին անում է մեր տարածքում»,- ասել է Քոչարյանը։

Շարունակելով թվարկել՝ Քոչարյանը նշել է Արցախի կորուստը և Քովիդի համավարակի դեմ անարդյունավետ պայքարը։

«Հինգերորդ՝ խոստացել են պայքար կոռուպցիայի դեմ, բայց արդյունքում գլխավորել են կոռուպցիան, ստեղծել են սեփական օլիգարխներին և որդեգրել հին օլիգարխներին։ Հավաքել են 8 միլիարդ դոլարի պարտք, որի առնվազն կեսը մսխել են»,- նշել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները տապալել են նաև սոցիալական արդարությունն ու աղքատության դեմ պայքարը։

Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները խոստացել են պայքար հանցավորության դեմ, բայց իրենք են դարձել այդ հանցագործները։

«Ես ընդամենը յոթ կետով նշեցի, կարող եմ շարունակել, բայց այսքանը բավարար է։ Սա՛ է ձեր «ամեն ինչ լավ է»-ն։ Այսպիսի «լավը» մենք չենք ուզում։ Այսպիսի «լավը» մենք չենք ընդունում, մերժում ենք։ Այս յոթ կետերից ամեն մեկը բավարար է սրանց վռնդելու համար։ Կարծում եմ՝ վռնդելը քիչ է»։

Ըստ Քոչարյանի՝ գործող իշխանությունները Հայաստանը դրել են նոր տնտեսական խնդիրների առջև. «Եվ սա փաստ է, ոչ թե էմոցիոնալ գնահատական։ Այսօր մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից։ Եվ այսօր, փաստորեն, Հայաստանին ուլտիմատում է դրվել՝ որոշե՛ք, թե դուք որտեղ եք։ Սա անհետք չի մնալու մեր ժողովրդի համար, և եթե ինչ-որ հրաշքով այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Հավատացե՛ք ինձ։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում և հանուն ինչի։ Այս ամենը հանուն նրա է, որ մեկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը, սոսնձվել է այս աթոռին»։

Քոչարյանը նշել է, որ Հայաստանն արհեստականորեն սարքում են Ռուսաստանի թշնամի. «Մեզ տանում են Ուկրաինայի այդ՝ միայն ավերություններ բերող ճանապարհով։ Մեզ դա պետք չէ, ժողովո՛ւրդ ջան։ Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և շատ լավ հարաբերություններ թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն