արման թաթոյան

Պետք է իջեցնենք որևէ երկրից կախվածությունը, այդ թվում՝ Ռուսաստանից. Արման Թաթոյան

Արտաքին քաղաքականության կենտրոնում պետք է լինի Հայաստանի շահը, մենք դրա շուրջ պետք է ամբողջը կառուցենք: Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Թաթոյանը նշել է, որ Հայաստանն այսօր կախված է Ռուսաստանից, և Ռուսաստանը չի նայում Հայաստանին որպես հավասար գործընկերոջ, այլ դիտում է որպես կախյալ գործընկերոջ: Ըստ Թաթոյանի՝ դա նախորդ 35 տարիներին վարվող քաղաքականության արդյունքն է, և այն ավելի է խորացել վերջին իշխանության օրոք՝ սկսած տնտեսության հնարավարություններից մինչև անհատական տվյալների տրամադրում, օրինակ՝ Yandex և այլն:

«8 տարի իշխանություն [լինել] ու այլընտրանքային շուկաներ չստեղծե՞լ: Այ սենց վիճակի մեջ հիմա մեր ժողովուրդը հայտնվի՞: Պարզ է, որ հետևանքը դա է:

Այսինքն՝ մենք պետք է իջեցնենք Ռուսաստանից կախվածությունը, և որևիցե երկրից»,- ասաց նա:

Միաժամանակ, Թաթոյանը նշեց, որ Հայաստանը նաև իրավունք չունի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Մի քանի պատճառներով. առաջինը՝ Ռուսաստանում մենք ունենք մոտ 3 մլն հայրենակից, [երկրորդը] տասնյակ հազարավոր մարդիկ աշխատում են Ռուսաստանում, երրորդը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Արման Թաթոյանը պնդեց, որ հանուն Հայաստանի աշխատելը չի նշանակում կամուրջներ այրել որևէ մեկի հետ. «Մենք աշխատում ենք հանուն մեր երկրի, ոչ թե ընդդեմ որևէ երկրի»:

Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ ակնհայտ է, որ հիմա ԵՄ-ն Հայաստանին չի ընդունելու որպես անդամ. «Բայց մենք չենք էլ կարող քայլեր անել, որոնք ընդդեմ որևէ պետության են, ինչ-որ աշխարհաքաղաքական խաղեր են առաջացնում և այլն: Մենք ուղղակի պետք է աշխարհից մեզ համար վերցնենք լավագույնը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն