Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 25-րդ օրն էր։ Լռության օրվան մնացել է ընդամենը 4 օր։
«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր կախված է Ռուսաստանից, և Ռուսաստանը չի նայում Հայաստանին որպես հավասար գործընկերոջ, այլ դիտում է որպես կախյալ գործընկերոջ, և դա նախորդ 35 տարիներին վարվող քաղաքականության արդյունքն է, և այն ավելի է խորացել վերջին իշխանության օրոք:
«8 տարի իշխանություն [լինել] ու այլընտրանքային շուկաներ չստեղծե՞լ: Այ սենց վիճակի մեջ հիմա մեր ժողովուրդը հայտնվի՞: Պարզ է, որ հետևանքը դա է: Այսինքն՝ մենք պետք է իջեցնենք Ռուսաստանից կախվածությունը, և որևիցե երկրից»,- ասէլ է Թաթոյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ Հայաստանը նաև իրավունք չունի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Մի քանի պատճառներով. առաջինը՝ Ռուսաստանում մենք ունենք մոտ 3 մլն հայրենակից, [երկրորդը] տասնյակ հազարավոր մարդիկ աշխատում են Ռուսաստանում, երրորդը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:
Թաթոյանը պնդել է, որ հանուն Հայաստանի աշխատելը չի նշանակում կամուրջներ այրել որևէ մեկի հետ. «Մենք աշխատում ենք հանուն մեր երկրի, ոչ թե ընդդեմ որևէ երկրի»:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն ասել է, որ հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, այլ ավելի շատ գերադասում է չեզոքություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նա ընդգծել է, որ դա ուղիղ այն դիրքորոշումն է, որի վրա գտնվում է «Հայ ազգային կոնգրեսը»․
«Մենք կարծում ենք, որ ինչքան շատ մենք ներկայացված լինենք պառլամենտում, այնքան ավելի քիչ վտանգ կլինի, որ Հայաստանը պառակտվի ռուսամետների և արևմտամետների միջև»,- ասել է Զուրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով Հանրային հ/ը երեկվա քաղաքական բանավեճին, ասել է, որ «դա բանավեճ չէր, հայհոյախառն կռիվ էր, որտեղ բացի հայհոյանքներից՝ նաև կային ինչ-որ խոսակցություններ Հայաստանի անվտանգության մասին, որը բացարձակապես Հայաստանի անվտանգության մասին չէր»։
«Ես ուզում եմ մեր ժողովրդին այս բանավեճի օրինակով ցույց տալ, թե եթե հանկարծ պառլամենտ անցնեն միայն այդ ուժերը, ինչպիսի պառլամենտ եք դուք ունենալու։ Հետո չգաք ասեք՝ վայ բա էս ինչ եղավ, վայ բա ոնց եղավ։ Ախր ակնհայտ է, դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում»,- նշել է Մարուքյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները այսօր թույլ չեն տվել մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին․ «Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», – ասել է որդեկորույս մայրը:
Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել: Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած, գրում է «Ազատությունը»:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Նոր Հաճնում։ Քաղաքացիների առաջ ելույթ ունենալով՝ Դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նշել է.
«Մենք ժամանակ չունենք, մեզ պետք է տեսած մարդ, ունեցվածքով մարդ եւ նաեւ մի քիչ ավելի դիսցիպլինայով մարդ, ժողովուրդ։ Ավելի լավ է դիսցիպլինայով ու աշխատող ղեկավար ունենանք, ով Հայաստանի հիմքը ուրիշ ձեւ կդնի, քան այսպես պոնչիկ ուտելով՝ գնանք առաջ ու տեսնենք, որ հարեւանները 100 կմ ժամ արագությամբ մեր կողքով անցան։ Մենք խոսք ենք տալիս՝ սկսելու ենք աշխատել, եւ երկիրը ամեն օր տարբերություն է զգալու։ Առաջին տարին ամենադժվար տարին է լինելու, երկրորդ տարին լինելու է շրջադարձային, երրորդ տարին մենք քաղելու ենք մեր աշխատանքի բերքը։ Իրար հետ պետք է աշխատենք, մեր երկրին փոփոխություն պետք է բերենք։ Երկրի դրվածքը աշխատանքային է լինելու, չի լինելու կուսակցական, ով կարողանա հարց լուծել Հայաստանի համար, մեր գլխի տեղ ունի՝ որ կուսակցությունից ուզում է լինի»,- ասել է Կարապետյանը։
Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցությունն այսօր իրազեկում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
ԱԺԲ անդամները իրազեկման ակցիա են արել նաև Երիտասարդական մետրոյի մոտ. «Մնացել է 1 շաբաթից քիչ ժամանակ, եղեք տեղեկացված, լավ մտածեք մինչեւ ձեր ձայնը կտաք որևէ ուժի։ Ընտրեք ազգայինը և ինքնիշխանությունը գերադասող ուժին, մենք միակ ազգային ուժն են։ Մեր ողջ ծրագրերը հրապարակված են, մենք ունենք հայրենիքը այս ծանրագույն վիճակից հանելու բոլոր»,- նշել է ԱԺԲ անդամներից մեկը։
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Կենտրոն և Ավան վարչական շրջաններում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում ասել է՝ մեր երկրի խաղաղության խնդիրը կախված է մեր երկրի տնտեսությունից․
«21-րդ դարում պատերազմներում հաղթում են պետությունները, ոչ թե բանակները։ Ես վստահաբար եմ ասում ձեզ՝ ՀՀ-ն կարող է հաղթել Ադրբեջանին, առանց պատերազմի, առանց արյան տնտեսական մրցակցության պայմաններում և մենք ներկայացնում են այ այդ կարգի ծրագիր»,- ասել է նա։
Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը հայտարարել է՝ Հայաստանի իշխանությունները գործ ունեն անելու․ «ռուսական ագենտուրան պիտի գլխատվի»։
«Կարևոր է գիտակցելը, որ իրադրություն է փոխվում և մեր ոխերիմ բարեկամը որոշել է Հայաստանում պետականության կայացում թույլ չտալ, որովհետև ռուսամետ ուժերի հաղթանակը, որ ինքը նախատեսում է, նշանակում է Հայաստանի անէացում «Ռուսկի միրի» մեջ։ Իսկ քանի որ Հայաստանը պիտի լինի, «Ռուսկի միրը» կարող է և չլինել։ Էսօր նշանախոսը մեկն է․ Հայաստանի պետականությունը որպես ազատ, անկախ պետականություն, պիտի կայանա և չի ենթարկվելու «բանդայի սխոտկային»», – նշել է նա հրապարակված տեսանյութում։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը շրջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
Մարությանը հանդիպել է քաղաքացիներին, թռուցիկներ բաժանել նրանց և հորդորել անպայման մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է։
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդել է, որ փաստական տվյալներ են ստացվել, որ ԲՀԿ Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեից նաեւ հայտնել են, որ ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Նշվում է, որ փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:
Իսկ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։ Ateo Breaking-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- նշված է հաղորդագրությունում։