elections_19-12-2022_19-02-2023

Վարչական դատարանի որոշմամբ՝ արցախցիները իրավունք ունեն մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱԿ-ը հայտարարում է, որ անհրաժեշտ է դիմել Միգրացիայի ծառայություն

Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ունեն մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել երեք արցախցու։ Ըստ որոշման՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։ ՆԳՆ-ն բողոքարկել է վճիռները՝ նշելով, որ դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը եւ թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։ Մինչդեռ Երիցյանի պնդմամբ՝ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հայ ազգային կոնգրեսի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել Վարչական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ․

«Վարչական դատարանի կայացրած վերջին որոշումները, որով Արցախից բռնահանված և այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարևորագույն իրավական նշանակություն ունեն»։

Հայտարարության մեջ նշվում է, որ սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին․

«Փաստացի արձանագրենք, որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն ընտրելու լիակատար իրավունք, սակայն գործող իշխանությունների կողմից նրանց ընտրական ցուցակներից դուրս թողնելու միտումնավոր քաղաքականությունը կասկածի տակ է դնում այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Իշխանության այս կամայականությունը հարվածում է Հայաստանի ժողովրդավարական հիմքերին և բացահայտում է նրանց վախերը սեփական քաղաքացիների ու հայրենակիցների ազատ կամարտահայտումից։
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է՝ արցախահայերի արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները։ Այս առումով հիմնաքարային նշանակություն ունի արցախահայերի ընտրական իրավունքի ամրագրումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։

Մենք ողջունում ենք փաստաբան Ռոման Երիցյանի և Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի կատարած աշխատանքն այդ ուղղությամբ և կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում»։

ՀԱԿ-ից հայտարարում են, որ իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։ Գործընթացի ընթացքում խնդիրներ և արհեստական խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ Կոնգրեսը կոչ է անում անհապաղ դիմել իրավական օգնություն ստանալու նշված հասցեներով։

«Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբները ևս կանգնած են ձեր կողքին և մեր խողովակներով ու միջոցներով պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպչական ու իրավական ամբողջական աջակցությունը, որպեսզի ոչ մի արցախցու ձայն չանտեսվի։

Ընտրողների ցուցակում ներգրավվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ դիմումի մերժման դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան», – նշված է հայտարարության մեջ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն