factor.am Ուկրաինական ԱԹՍ-ները հունիսի 3-ի առավոտյան հարձակվել են Կրոնշտադտի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Կիրովսկի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքների վրա, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Որոշ օբյեկտներ վնասվել են։ Բեգլովը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել։
Astra տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում, որը Ռուսաստանում Բալթյան տարածաշրջանի ամենամեծ տերմինալներից է, հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Հունիսի լույս 3-ի գիշերը Լենինգրադի մարզում հայտարարվել է նաև օդային տագնապ: Տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ խոցվել է 59 անօդաչու: Լուժսկի շրջանում չորս մասնավոր տներ աննշան վնասներ են կրել բեկորների անկման հետևանքով, սակայն տուժածներ չկան:
«Պուլկովո» օդանավակայանում գիշերը չվերթների սահմանափակումներ են մտցվել: «Ռոսավիացիա»-ն զգուշացրել է, որ սահմանափակումներ են մտցվել նաև Լենինգրադի մարզի մի քանի շրջանների օդային տարածքում:
Ըստ Downdetector-ի և «Сбой.рф»-ի՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչներն առավոտից բողոքում են բջջային ինտերնետի խափանումներից: Օգտատերերը հայտնում են, որ կայքերն ու մեսենջերները չեն աշխատում, իսկ որոշներն ընդհանրապես բջջային կապ չունեն։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 3-6-ն անցկացվում է միջազգային տնտեսական ֆորումը։ Նշվում է, որ այս տարի ելույթ են ունենալու Միացյալ Նահանգներից մի քանի հյուրեր (հիմնականում՝ աջակողմյան և ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչներ), ինչպես նաև Վլադիմիր Պուտինի դուստրերը: ՌԴ նախագահի ելույթը նախատեսվում է հունիսի 5-ին:
Բացի այդ, ըստ Astra-ի՝ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում այրվում է «Պրոգրես» գործարանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում