lgabkacrqkrfjsks8e2kcdieo3m55mrbsgwxevks

«Միասնության թևեր» կուսակցությունը նոր սկզբունք է առաջարկում սփյուռքի հետ հարաբերություններում | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է նոր սկզբունք որդեգրել սփյուռքի հետ հարաբերություններում։

Կուսակցությունը նշում է, որ սփյուռքի հետ հարաբերություններում «նվիրատվության» սկզբունքից անցում են կատարելու դեպի ներդրում և համասեփականություն, ինչը նշանակում է, որ սփյուռքը կլինի ոչ թե օգնություն տրամադրող, այլ կդառնա տնտեսության համահեղինակ։

Սփյուռքի հետ հարաբերությունների մասին կուսակցության տեսլականը ներկայացրել է կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը։

«Մեր շփումները ցույց են տալիս, որ սփյուռքում կա շատ բարձր մոտիվացիա՝ ներդնելու, մասնակցելու և դառնալու Հայաստանի զարգացման համահեղինակ։ Պարզապես այսօր հաճախ բացակայում են հասկանալի կանոնները, վստահելի մեխանիզմները և հարմար գործիքները։ Այլ կերպ ասած՝ պահանջարկ կա, իսկ մենք ստեղծում ենք առաջարկը»,- ասել է տնտեսագետը։

Նա նշել է, որ ընտրություններում իրենց քաղաքական ուժի հաջողության դեպքում սփյուռքին արվելու է երեք  տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ  նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում կամ գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։

«Մենք կառուցում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ սփյուռքը՝ լիարժեք գործընկեր»,- ասել է Իրինա Անանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն