factor.am Բաքվում մեկնարկել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով առաջին միջազգային գիտական կոնֆերանսը։ Այն կազմակերպվել է Բաքվի պետական համալսարանի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի կողմից։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «համաժողովի ընթացքում կքննարկվեն Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատմական, իրավական, քաղաքական, մշակութային և սոցիալ-փիլիսոփայական ասպեկտները, ինչպես նաև դրա նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը կքննարկվի միջազգային իրավունքի համատեքստում՝ որպես ազգային գաղափարի զարգացման փուլ: Կքննարկվեն նաև մարդասիրական և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում ձեռք բերված գիտական արդյունքները՝ վերադարձի գաղափարը ներկայացնելով որպես խաղաղության և տարածաշրջանային կայունության հետ համատեղելի հայեցակարգային մոդել»։
Համաժողովում նախատեսված է երեք պանելային քննարկում՝ «Վերադարձը և տարածաշրջանում խաղաղության նոր ճարտարապետությունը», «Վերադարձը միջազգային իրավունքի և նոր իրողությունների շրջանակում» և «Պատմական հիշողություն և ազգային ինքնություն» թեմաներով։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձն այսօր ադրբեջանական պետության և ադրբեջանական ժողովրդի ռազմավարական նպատակն է, ինչպես նաև մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- այս մասին էլ հայտարարել է այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին նշելով, թե 44-օրյա պատերազմից հետո «պատմական տարածքներ» վերադառնալու գաղափարը դարձել է ազգային գաղափար ադրբեջանական ժողովրդի համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկվում: Այս պնդումը հաստատել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 2-ին Հանրային ՀԸ-ում կազմակերպված նախընտրական բանավեճի ժամանակ: Եվ չնայած այս պնդումներին՝ Ադրբեջանը շարունակում է այս խոսույթը առաջ մղել։ Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, 2026թ. մայիսի 19-ին ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, պնդել է, թե անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին։
Նշենք, որ մինչև 1939 թվականը Խորհրդային Միության տարածքում, այդ թվում՝ Հայաստանի, թյուրքախոսների համար «ադրբեջանցի» եզրույթը պաշտոնապես փաստագրված չէր։
Այս ժողովրդի համար «ադրբեջանցի» եզրույթը՝ որպես էթնանվանում, առաջին անգամ օգտագործվել է միայն 1939 թվականին՝ ԽՍՀՄ համընդհանուր մարդահամարի ժամանակ։ 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում ադրբեջանցիների թիվը կազմում էր 130 հազար, իսկ 1979-ի մարդահամարի տվյալներով՝ 160 հազար։ Այսինքն՝ Հայկական ԽՍՀ-ում երբեւէ 300 հազար «ադրբեջանցի» չի բնակվել։ Եվ ավելին՝ մարդահամարի ժամանակ մուսուլման այլազգիներին եւս գրանցում էին որպես ադրբեջանցի։