arm.sputniknews.ru ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հատկապես վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է տարածում, որտեղ նշում են այս կամ այն քաղաքական ուժերի անունները և պնդում, որ խոսող անձինք մեղադրվում են ընտրակաշառք ստանալու կամ բաժանելու մեջ։ Հաղորդագրություններում նշվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները։
«Իրավապահ համակարգը հասել է այն մակարդակին, որ ապացույցներ են կեղծում ու մարդկանց նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնում։ Քաղաքական քարոզչությունը երևում է այն հաղորդագրություններից, երբ հստակ նշվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդվում։ Քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցանքի մասին խոսելիս պետք է հստակ նշել, թե որ կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս»,– ասաց Խուդոյանը։
Փաստաբանը նշել է, որ Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաև ձայնագրություններ, որոնք ամբողջական չեն։ Շեշտեց` քննչական մարմինը մոնտաժում է այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել։
Նրա խոսքով` նման իրավիճակ նաև Քննչական կոմիտեի դեպքում է։ Նշեց, որ օրինակ ՔԿ–ի վերջին հաղորդագրություններից մեկում հստակ պնդել են, թե քննվող գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց երբ խոսքը նույն ուժի անդամներին ծեծի ենթարկելու մասին էր, գրվել է, թե տեղի է ունեցել ծեծկռտուք` առանց որևէ անուն հնչեցնելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում