712468858_1294922502818955_1070414463549781562_n

Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի. Ռոբերտ Քոչարյան

Գործող իշխանություններն այս նախընտրական քարոզարշավը վերածեցին Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Այս քարոզարշավը դարձավ նրանց ութամյա կառավարման մարմնավորումը՝ մանիպուլյացիաներ, սուտ, ատելություն, ագրեսիա և պոպուլիզմ։ Մենք պարտավոր ենք այս ութ տարիների ամոթը փոխարինել արագ վերականգնման տարիներով՝ վերականգնելով հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունն ու ներուժը։

Այս մասին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը դիմել է հայրենակիցներին.

«Համոզված եմ, որ նույնիսկ ներկայիս ծանր պայմաններում հնարավոր է հասնել իրական ու շոշափելի արդյունքների։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։ Անհրաժեշտ է, որ հունիսի 7-ը պատմական օր դառնա հայ ժողովրդի համար։ Մենք պետք է ապացուցենք ամենակարևորը՝ միայն մե՛նք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան։ Մեր ընտրությամբ մենք պետք է վերականգնենք հայոց պետականության գոյության ողջ իմաստը։ Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որի ժողովուրդը մշտապես ճգնաժամեր է հաղթահարում։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։ Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ։ Մեր նպատակն է վերականգնել հայկական պետականության որակը։ Մի պետության, որն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգում է դաշնակիցներին և վայելում է հարևանների հարգանքը։ Մեզ նորից հարգելու են, այլ ոչ թե օգտագործելու։ Ես երաշխավորում եմ՝ պատերազմ չի լինելու։ Դաշնակիցների հետ հակադրություն չի լինելու։ Հարևանների հետ ավելորդ լարվածություն չի լինելու։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։

Հայաստանում այլևս երբեք չպետք է պայմաններ ստեղծվեն ֆեոդալական կարգերի գոյության համար, որոնք 2018 թվականին մարդկանց ստիպեցին դուրս գալ փողոց։ Ես դա երաշխավորում եմ։ Թե որքանով արդար, զարգացած ու հանդուրժող կլինի հայ հասարակությունը, կախված է միայն մեզնից։ Մեր ամեն մի քայլը պետք է ծառայի մեկ նպատակի. հինգ տարի անց Հայաստանը պետք է լինի ավելի ուժեղ, ավելի անվտանգ և ավելի արդար։

Երկրի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի սեփական ժողովրդի, այլ ոչ թե օտար երկրների շահերին։ Այս իշխանություններն անում են հակառակը։ Նրանք ճգնաժամերի ու խնդիրների աղբյուր են. դա նրանց գոյության ձևն է։ Ինձ և իմ թիմին բախտ էր վիճակվել երկիրը բարձրացնել 90-ականների փլատակներից։ Եվ մենք կարողացանք կատարել այդ առաջադրանքը։ Այսօր մեր առջև ծառացած է ևս մեկ պատմական առաքելություն՝ Հայաստանը դուրս բերել ներքին ու արտաքին քաոսից։ Մենք կարողացանք դա անել այն ժամանակ, կկարողանանք նաև հիմա։ Մենք չենք խաղալու գերտերությունների հակասությունների վրա։ Մենք կարող ենք բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ զարգացած հարաբերություններ մշակել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մենք նման հարաբերությունների հաջողված փորձ ունենք։ Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել Ռուսաստանի հետ դաշնակցային կամ Իրանի հետ գործընկերային հարաբերությունների համար, որովհետև անվտանգության և զարգացման հարցերին մենք մոտենում ենք պատասխանատվությամբ ու բանականությամբ։ Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։

Անցած տարիների ընթացքում աշխարհն էականորեն փոխվել է։ Մենք էլ ենք փոխվել՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային ու ավելի իմաստուն։ Այսօր այլ կերպ հնարավոր չէ արդյունավետ լինել։

Այդուհանդերձ, մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերն ու կշռադատված որոշումներ կայացնելու ունակությունը։ Մենք դասեր ենք քաղել ինչպես անցյալի հաջողություններից, այնպես էլ սխալներից, ուստի այսօր ընտրություններին ենք գնում ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տված սխալների գիտակցմամբ։ Անկեղծ ասեմ՝ մեզ սպասվում է շատ բարդ ու մեծ ջանքեր պահանջող աշխատանք։ Մենք պետք է սրբագրենք վերջին տարիների սխալները և միևնույն ժամանակ բարեփոխումներ իրականացնենք, հրատապ որոշումներ կայացնենք ու առաջ շարժվենք։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն ու թիմային աշխատանք։ Հեշտ չի լինելու։ Բայց ես համոզված եմ, որ դա լինելու է մի աշխատանք, որը ոչ միայն արդյունք կտա, այլև հպարտության զգացում կպարգևի։ Հենց այդ պատճառով ներկայիս ատելության մթնոլորտը պետք է մնա բացառապես որպես այս նախընտրական քարոզարշավի հուշ։ Երկրի բնականոն ու կայուն գործունեության համար նման մթնոլորտն ուղղակի կործանարար է։

Ընտրություններից հետո մենք պետք է վերստին սովորենք ապրել մեր երկրում, միասին աշխատել և հարգել միմյանց՝ անկախ քաղաքական տարակարծություններից։ Մեզ հաճախ են հարցնում՝ եթե գաք իշխանության, պատժելո՞ւ եք պետական մարմինների աշխատակիցներին։ Անկեղծ ասեմ՝ վենդետան այն ուղին չէ, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Պետական ծառայողներն անմիջականորեն պետք է զգան բոլորովին այլ՝ հանգիստ, արդար և պրոֆեսիոնալ մթնոլորտ։ Մենք նրանց կազատենք այս իշխանությունների կամայականություններից։

Մենք պարտավոր ենք քաղաքական գնահատական տալ գործող իշխանությունների ու նրանց ղեկավարության քայլերին, ինչպես նաև համակարգը մաքրել իրենց վարկաբեկած ղեկավարներից։ Նրանք պետք է պատասխան տան իրենց գործունեության ծանրագույն հետևանքների համար։ Հազարավոր մահերը չեն կարող մոռացվել։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է համընդհանուր համաներում՝ նվիրված Հայաստանի Անկախության 35-ամյակին։

Իշխանափոխությունը կայունություն կբերի, բայց կայունության հետ մեկտեղ կգա նաև պահանջկոտության բարձր նշաձող։ Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի ճշգրտությամբ, որպեսզի ապահովի երկրի զարգացման հզոր թռիչքը։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։

Վստահեցնում եմ ձեզ, որ միասին կարող ենք»,- ասված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն