Դեբեդավան բնակավայրում այս պահի դրությամբ երկու հոգի բերման են ենթարկվել։ Մեկին մեղադրանք է ներկայացվել, մյուսին տևական ժամանակ հարցաքննելուց հետո բաց են թողել, բայց հիմա՝ այս պահին էլ, Դեբեդավան գյուղում հսկում են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» դաշինքի աջակիցներ են կամ քարոզարշավի քարոզիչներ են եղել։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Դաշինքից պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ առավոտվանից արձանագրում են, որ ՔՊ-ական պաշտոնյաները ընտրատեղամասերի մոտից չեն հեռանում, ակնհայտորեն ուղղորդում են քաղաքացիներին, ակնհայտորեն փորձում են կուտակումներով հոգեբանական ճնշում գործադրել մեր քաղաքացիների վրա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ ընտրությունների այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյի։
«Երեկ չէ առաջին օրվա իրենց հանրահավաքին ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան՝ մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով․․․ Ինչքան բյուջետային հիմնարկ կա։ Ու ասել են՝ ոչ թե պետք է գաք մենակ դուք, այլ ստիպել են, որ պարտադիր իրենց ընտանիքից կամ իրենց հետ ևս մեկ-երկու հոգի բերեն»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ բազմաթիվ բժշկական հաստատություններ չեն ներկայացրել այն ընտրողների ցուցակները, որոնք ստացիոնար բուժման են, և որոնք պետք է քվեարկեին շրջիկ քվեարկղերով․ «Անահիտ Ավանեսյանն այդքան մեծ-մեծ խոսելու փոխարեն պետք է նաև հետևեր ժամանակին, որ այս մարդկանց իրավունքները պաշտպանված լինեին։ Հիմա բազմաթիվ քաղաքացիներ զրկված են իրենց ընտրելու իրավունքից»։
Անդրադառնալով ընդդիմության հաղթանակի դեպքում հետընտրական հնարավոր զարգացումներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի ունենա սահուն իշխանափոխություն։ Եթե իշխանությունը կփորձի գողանալ հաղթանակը, կեղծել ընտրությունների արդյունքները (մենք մի քանի սցենար պատկերացնում ենք, ինքը դժվար է հաշվի նստելու ժողովրդի որոշման հետ), մենք դա թույլ չենք տալու և պաշտպանելու ենք մեր ստացած քվեն և ժողովրդի կամարտահայտությանը տեր ենք կանգնելու»։
Մեկնաբանելով ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը՝ նշեց․ «Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք ընդդիմադիր հիմնական ուժերի հետ տեսնում ենք այդ համագործակցությունը»։
Ագնեսա Խամոյանն էլ վերջում նշեց, որ չնայած պատշաճ ծանուցմանը՝ «Հանրային» հեռուստաընկերությունը չի հեռարձակել իրենց աուլիսը, չնայած էր ՔՊ-ինը հեռարձակել է։