Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել․ քվեարկության ընթացակարգի այս կոպիտ խախտումն արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը Սյունիքի մարզում (Մեղրի համայնք, ք․ Ագարակ) գտնվող թիվ 35/65 ընտրատեղամասում։ Առաքելության հայտարարության մեջ ասվում է․
«Ժամը 20։00-ին տեղամասային կենտրոնի դռները փակվելուց հետո այդ պահին շենքի միջանցքում հավաքված է եղել մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։
Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։
Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:
Այնուամենայնիվ, նրանց թույլատրվել է քվեարկել տեղամասի փակվելուց հետո»։
Ավելի ուշ դեպքին անդրադարձել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ դաշինքը պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) այս, ինչպես նաև 12/13 տեղամասի արդյուքները։
12/13-ում, հիշեցնենք, մինչև 18։00-ն բացակայել էին Ազգային-ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկները։