Սամվել Կարապետյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որտեղ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և կձևավորվի միանձնյա կառավարություն։
Ի պատասխան այս հայտարարության՝ Կարապետյանն ասաց՝ ընտրական արդյունքները դեռ չկան, և ՔՊ-ն չի ունենալու իր ուզած հաղթանակը։
«Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները։ Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»,- ասաց Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ քվեարկության արդյունքների ներկայիս պատկերը արտահայտում է միայն գյուղական համայնքների ընտրությունը։
«Իրենք, ընդամենը 30% տվյալներ ունենալով, հայտարարում են, որ արդեն հաղթել են, բայց դուք գիտեք, որ 30%-ն ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են․ հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել, դրա համար անցան հատուկ գործողությունների, և մենք նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների, դրա համար ես ուզեցի տեղյակ պահել, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են, և անպայման առավոտյան՝ վերջնական արդյունքները ունենալուց հետո, մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին»,- ասաց նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին ԿԸՀ-ն ամփոփել էր դեռևս 523 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքեր, համաձայն որոնց՝ ՔՊ-ն ստացել էր 51․16% ձայն։
Այս պահին ԿԸՀ-ն արդեն ներկայացրել է 787 տեղամասերի արդյունքներ, համաձայն որոնց՝ ՔՊ-ն ստացել է 51․19% ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 23․41%: Բոլոր տեղամասերի թիվը 2005 է։