Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները ԵՎ ինչ պատկեր է սպասվում. ամփոփ

Օրերս կայացած խորհրդարանական ընտրություններում, նախորդ երկուսի համեմատությամբ, ընտրողների աննախադեպ ակտիվ մասնակցություն է գրանցվել։ Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի կազմը ձևավորելու հարցում իր ձայնն է արտահայտել ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 506 հազար 396 քաղաքացիների կեսից ավելին՝ 1 մլն 476 հազար 916-ը կամ 58,97 տոկոսը։ Մինչդեռ 2021-ին մասնակցության տոկոսը եղել է  49,4, 2018-ին՝ 48,63։

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում էր նկատելի, որ մասնակից բոլոր ուժերը կարծես շահագրգռված էին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Որոշներն իրենց քարոզչության ընթացքում նույնիսկ չէին առաջարկում հենց իրենց ընտրել, այլ պարզապես ընտրողներին խնդրում էին գնալ քվեարկության։ 

Ընտրություններն ավարտվել են, սակայն ներքաղաքական խմորումները շարունակվում են։ Բանն այն է, որ մասնակից 18 քաղաքական ուժերից որոշներն անհամաձայնություն ունեն քվեարկության արդյունքների հետ։ «Ինֆոքոմն» այս հոդվածով ներկայացնում է՝ ինչպես անցան ընտրությունները, ինչ արդյունքներ գրանցվեցին և հետընտրական ինչ զարգացումներ կարող են լինել։

Քանիսը մասնակցեցին և քանիսը հաղթահարեցին շեմը

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։ Կուսակցություններից մեկը՝ «Ալյանսը», ընտրություններից օրեր առաջ հայտարարել էր ինքնաբացարկի մասին, հետևաբար ընտրատեղամասերում քվեաթերթիկների սեղանին միայն 18 քաղաքական ուժի տրցակներ էին․

  • «Ռեֆորմիստներ» կուսակցություն,
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն,
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք,
  • «Շնորհապետական» կուսակցություն,
  • «Նոր ուժ» կուսակցություն,
  • «Միասնության թևեր» կուսակցություն,
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
  • «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն,
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն,
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
  • «Հանրապետություն» կուսակցություն,
  • «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն,
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն,
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
  • «Հայաստան» դաշինք,
  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Մասնակիցների այս թիվը, հավանաբար, ընտրողներին չի զարմացրել․ նրանք 2021 թվականին փորձ են ունեցել ընտրություն կատարել 25 քաղաքական ուժի միջև։ Ամեն դեպքում այս տարվա մասնակից 18 ուժերի անգամ կեսը չի հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։ 

Այս ընտրությունների արդյունքներով վստահաբար խորհրդարան են անցել 3 ուժ․ 4-րդի հարցը դեռևս առկախված է։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 49,81 տոկոս ձայն՝ անկում գրանցելով՝  2018 թվականի 70,42%-ի և 2021-ի 53,91%-ի համեմատ։ Ընտրողների բարձր մասնակցության հաշվին ձայների քանակով, սակայն, ՔՊ-ն նախորդ ընտրությունների 688 հազար 761 քվեի համեմատ ստացել է ավելի շատ՝ 727 հազար 160 քվե։ 

Անցողիկ շեմը հաղթահարած ու խորհրդարան անցած մյուս երկու ուժերը ընդդիմադիր դաշինքներն են՝ մեկը «Ուժեղ Հայաստանը», որը ստացել է 340 հազար 62 քվե կամ 23,29%, մյուսը՝ «Հայաստանը», որը ստացել է 145 հազար 97 քվե կամ 9,94%։ 

«Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, իսկ ահա «Հայաստան» դաշինքը մասնակցել է նաև նախորդին՝ հավաքելով 21.9% ձայն՝ գրեթե 12%-ով ավելի, քան այս տարի։

4-րդ քաղաքական ուժը, որի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը դեռևս քննարկվում է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Թեև նախնական հաշվարկի ժամանակ ինչ-որ պահի ԲՀԿ-ի ցուցանիշը հասել էր 4%-ի, այդուհանդերձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով այն 3,996% է։ Կուսակցության համար նույնիսկ ամենափոքր անճշտություններն այս պահին կարևոր են՝ ընդամենը 0,004 տոկոս է պակասում ԱԺ-ում ներկայացված լինելու համար։ 

Ում չեն գոհացրել ընտրությունների արդյունքները

«Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ինչպես նաև խորհրդարան չանցած «Միասնության թևեր» կուսակցությունները հունիսի 9-ի դրությամբ վերահաշվարկի պահանջ են ներկայացրել: 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 550 տեղամասային ընտրական հանձնաժողովներ այսօր իրականացնում են քվեաթերթիկների վերահաշվարկ։ 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր գործընկերների հետ: Դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասել է, որ «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ 

«Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, հասկանալով նրանց կաշկանդվածությունը և ակնհայտ իշխանության կցորդ լինելու հանգամանքը, այդ ամենով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան՝ վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Իրավաբանների խումբն աշխատում է փաթեթի վրա»,- ասել է Սաղաթելյանը։

Ընտրությունների արդյունքների վիճարկումը չեն բացառել նաև ԲՀԿ-ն ու «Միասնության թևերը»։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է՝ քննարկում են բողոքարկելու հիմքերը։ Վերը նշված մասնակից ուժերը համարում են, որ հաշվարկները ճիշտ չեն կատարվել, ուստի անհրաժեշտ է կրկին հաշվել։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԿԸՀ կայքում մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ԲՀԿ-ն ավելի շատ քվեներ է ստացել, քան կայքի տվյալներում է նշված։ 

Իսկ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նշել է, որ կտրականապես մերժում են ընտրությունների հայտարարված արդյունքները՝ դրանք համարելով ապօրինի։

Ինչ կլինի, եթե ԲՀԿ-ն անցնի կամ չանցնի խորհրդարան

Եթե ընտրական տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայների քանակը նույնը մնա կամ պակասի, ապա խորհրդարանում կլինի 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատով, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով (այս հաշվարկում ՔՊ-ի՝ բուն քվեների արդյունքում ստացած 61 մանդատին ավելացել է ազգային փոքրամասնություններին հասանելիք 4 մանդատներից 3-ը, իսկ «Ուժեղ Հայաստանին»՝ 1-ը)։ 

Այսինքն, եթե երեք ուժերը ձևավորեն ԱԺ, ապա ՔՊ-ն կունենա պատգամավորական մանդատների երեք հինգերորդը՝ հնարավորություն ունենալով միայնակ քվեարկել եւ ընդունել սահմանադրական օրենքներ, ինչպիսիք են Ընտրական, Դատական օրենսգրքերը եւ այլն, ընտրել պետական առանցքային պաշտոնատար անձանց, ինչպիսիք են Մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազը, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորները եւ այլք։ 

Մինչդեռ, մյուս սցենարի պարագայում, եթե վերահաշվարկի արդյունքով ԲՀԿ-ի ստացած ձայներն ավելանան, ու կուսակցությունը հատի անցողիկ շեմը, մանդատները կբաշխվեն այսպես․ ՔՊ՝ 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան»՝ 28 մանդատ, «Հայաստան»՝ 11 մանդատ և ԲՀԿ՝ 5 մանդատ (այս հաշվարկում ՔՊ-ի ստացած 58 մանդատին ավելացել է ազգային փոքրամասնություններին հասանելիք 4 մանդատներից 3-ը, «Ուժեղ Հայաստանի» 28 մանդատին՝ 1-ը)։ Արդյունքում ՔՊ-ն չի ունենա պատգամավորների թվի ⅗-րդը եւ կզրկվի սահմանադրական օրենքների վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու, պաշտոնյաներին միայնակ ընտրելու կամ պաշտոնից զրկելու հնարավորությունից, եթե, իհարկե, ընդդիմադիր պատգամավորների հետ համաձայնության գալ չհաջողվի։ 

«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմտնի Ազգային ժողով, թե ոչ, որից հետո հանդես կգան հայտարարությամբ:

«Կհասկանանք՝ ընդդիմությունն Ազգային ժողովում հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի՝ ԱԺ-ն կունենա՞ գործիքակազմ՝ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», – ասել է Կարապետյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը պետք է կայացնեն ընդդիմադիր բոլոր ուժերով։

2 տոկոսը հաղթահարած ուժերը կֆինանսավորվեն պետության կողմից

Այն կուսակցությունները, որոնք ընտրություններում հավաքել են ձայների առնվազն 2%-ը, ստանալու են պետական ֆինանսավորում․ «Կուսակցությունների մասին» օրենքն է այդպես սահմանում է։ 

Այս ընտրություններին այդ շեմը հատել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ղեկավարծ «Միասնության թևեր» կուսակցությունը (2,3%) և Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած Հայաստանի շնորհապետական կուսակցությունը (2,11%)։ Ըստ օրենքի՝ այն կուսակցությունները, որոնք հավաքել են 2-ից մինչև 5% ձայն, պետությունից կստանան ֆինանսավորում՝ իրենց ստացած յուրաքանչյուր քվեի դիմաց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (1000 դրամի) չափով։ Ստացվում է՝ «Միասնության թևեր» կուսակցությունը տարեկան կստանա 33 մլն 618 հազար դրամ, իսկ  Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 30 մլն 797 հազար դրամ:

Եթե «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան չանցնի, այս կուսակցությունն էլ կֆինանսավորվի՝ ստանալով տարեկան 58 մլն 368 հազար դրամ։ 

2 տոկոսի շեմը չհատած ուժերի նախորդ փորձառությունը

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունն այս ընտրություններին հավաքել է 0,46 % ձայն, իսկ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը՝ 0,18%։ 2021 թվականի ընտրություններին այս երկու ուժերը մասնակցում էին դաշինքով, որ կոչվում էր կուսակցությունների ղեկավարների անունով՝ «Շիրինյան-Բաբաջանյան»։ Դաշինքը կարողացել էր հավաքել ընդամենը 1,5 %։

Ոստիկանության նախկին սպա, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը հավաքել է 1,82% ձայն, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,75%, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հավաքել է 1,47% ձայն, իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,8% ձայն։ Նախորդ ընտրություններին Հանրապետությունն ավելի շատ ձայն էր ստացել՝ հասնելով 3,03 %-ի։ 

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն այս ընտրություններում հավաքել է 0,38 %, մինչդեռ նախորդ ընտրություններին գրեթե մոտ էր 2 տոկոսին՝ 1,49 %։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այս ընտրություններին հավաքել է 0,22% ձայն՝ 2021 թվականի 1,54%-ի համեմատ։

Վերջին երեք ընտրությունների տվյալներով «Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է մնալ ամենից արագ ընտրազանգված կորցնող ուժը։ Եթե 2018-ին կուսակցությունը հավաքել էր 6,37% ձայն՝ խորհրդարանում ունենալով 17 մանդատ, ապա 2021-ին և 2026-ին ստացել է համապատասխանաբար 1,22% և 0,5% քվե։

Իսկ Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբումը» (0,36%), Արտակ Սարգսյանի «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնքը» (0,14%)  և Վաղարշակ Հարությունյանի «Ռեֆորմիստները» (0,1%), որոնք խորհրդարանական նախորդ ընտրություններին չեն մասնակցել, այս տարի հավաքեցին նվազագույն թվով ձայները: 

Անթիվ-անհամար անվավեր քվեաթերթիկներ

Այս տարի ոչ միայն մասնակիցների թիվն է ավելացել, այլ նաև անվավեր քվեաթերթիկներինը, ընդ որում՝ չորս անգամով՝ ի համեմատություն 2021 թվականի։ Մասնավորապես, այս տարի անվավեր է համարվել ավելի քան 17 հազար քվեաթերթիկ, մինչդեռ 2021-ին այդ թիվը եղել է 4593, 2018-ին՝ 4706:

Քվեաթերթիկը անվավեր համարելու համար մի քանի պատճառ կարող է լինել։ Ամենից հաճախ պատահողը, օրինակ, երբ ծրարի մեջ դրված է մեկից ավելի քվեաթերթիկ կամ քվեաթերթիկի վրա չկա դրոշմապիտակը։ Նախկինում եթե ծրարի մեջ առկա էր մեկից ավելի քվեաթերթիկ, վավեր էր համարվում այն մեկը, որի վրա փակցված էր դրոշմապիտակը։ Հնարավոր է, որ այս կարգավորման փոփոխությունը եւս ազդել է անվավաերների թվի վրա։ Բացի դրանից, քվեաթերթիկի վրա ցանկացած նշում կամ պատռվածք նույնպես այն դարձնում են անվավեր։ Միաժամանակ, անվավեր չի կարող համարվել պարզապես ծալված քվեաթերթիկը։

Ձայների հաշվարկի ժամանակ «Ինֆոքոմի» թղթակիցը գտնվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6/27 ընտրական տեղամասում, որտեղ անվավեր է համարվել 12 քվեաթերթիկ։ Դրանց որոշ մասը եղել է միտումնավոր պատռված, այնպես որ տեսանելի լինի միայն ծրարից երևացող մասը՝ դրոշմապիտակը փակցնելու համար։ Որոշ դեպքերում ծրարում եղել են երկու իրար հաջորդող համարի քվեաթերիթիկներ, ուստի կարելի է ենթադրել, որ դա պատահականության արդյունք է։ Մի դեպքում էլ ընտրողը ծրարի մեջ դրել էր բոլոր քվեաթերթիկները։

Ընտրախախտումներն ու դիտորդների արձագանքը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է ընտրությունների մոնիթորինգ՝ այցելելով 2005 տեղամասերից 1830-ը։ Դիտարկված վայրերի 44%-ում կամ շուրջ 800 տեղամասում արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ։

Խախտումների մեջ գերակշռում են հիմնականում ընթացակարգային խնդիրները, որոնք նկատվել են տեղամասերի 7%-ում: Դրանց հաջորդում են քվեարկության գաղտնիության ուղղակի խախտումները (6%) և գաղտնիության խախտման ռիսկ ստեղծող իրավիճակները (6%): Բացի այդ, տեղամասերի 3%-ում արձանագրվել են բանավեճեր կամ լարված մթնոլորտ, և նույնքան տեղամասերում էլ նկատվել են քարոզչության ապօրինի դրսևորումներ։ 

Ինչ վերաբերում է խախտում իրականացնողներին, ապա դեպքերի 9,5%-ում ներգրավված են եղել ընտրողները, 7,8%-ում՝ քաղաքական ուժերի վստահված անձինք, իսկ 7,5%-ում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները: Խախտումների միայն 1%-ն է կապված եղել ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:

Երբեմն հնարավոր է եղել հստակ նույնականացնել խախտում կատարածի կուսակցական պատկանելությունը։ Այս հարցում արձանագրված խախտումների առավելագույն բաժինը՝ 39%-ը, պատկանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին: Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29%-ով, որին հաջորդում են «Հայաստան» դաշինքը՝ 9%-ով, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մոտ 8%-ով։

Ընտրությունների ընթացքին և որակին անդրադարձել են նաև տեղական ու միջազգային այլ դիտորդական առաքելություններ: «Ականատես» դիտորդական առաքելության գնահատմամբ՝ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, դինամիկ և մրցակցային միջավայրում։ «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, արձանագրելով ընտրողների բարձր ակտիվությունը, միաժամանակ մատնանշել է, որ որոշ տեղամասերում նկատվել են լարվածություն, առերևույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտման փորձեր ու վերահսկողության միտումներ, որոնց մասնակից են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) ընտրությունները որակել է արդար, վստահելի ու արժանահավատ՝ շեշտելով համակարգային խախտումների բացակայությունը։ Այդուհանդերձ, կառույցն ընդգծել է, որ գործընթացն անցել է խիստ բևեռացված միջավայրում՝ անվտանգային խնդիրների և երկրի աշխարհաքաղաքական վեկտորի շուրջ բանավեճերի ֆոնին, որտեղ Ռուսաստանն ու նրա հետ կապվող դերակատարները փորձել են ազդել ընտրական մթնոլորտի վրա՝ տնտեսական ճնշումների, նախազգուշացումների և վախի վրա հիմնված քարոզչության միջոցով։

Լիովին այլ դիրքերից է հանդես եկել ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որը ընտրությունները համարել է բաց, մրցակցային և օրենսդրությանը համապատասխան։ Ըստ հայտարարության՝ արձանագրված խնդիրները կրել են զուտ տեխնիկական բնույթ, օպերատիվորեն վերացվել են հանձնաժողովների կողմից և իրենց ծավալով չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Քաղաքական ընդդիմադիր ուժերը առավել կոշտ գնահատականներով են հանդես եկել։ Նրանցից որոշները ընտրությունների լեգիտիմությունն են կասկածի տակ դնում։ Իսկ օրինակ «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է ՔՊ կուսակցությանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունն էլ հայտարարել է, որ ճանաչում է ընտրությունների արդյունքները։

Ինքը՝ ՔՊ կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ավարտից քիչ ուշ, երբ դեռ բոլոր տեղամասերի հաշվարկները ամփոփված չէին, հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն և միանձնյա կձևավորի իշխանություն։ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրություններին և ազատ կամարտահայտմամբ քվեարկել։ Փաշինյանն արդեն տարբեր երկրների ղեկավարներից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկը կամփոփվի ուրբաթ օրը, իսկ արդեն կիրակի պարզ կլինեն վերջնական արդյունքները։