civilnet.am Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Այս մասին ասված է «Միասնության Թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանի հայտարարության մեջ։ Անանյանը նշել է, որ սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։
«Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում»,- գրել է Դավիթ Անանյանը։
Անանյանի գնահատմամբ՝ Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ։
«Մի բան արդեն ակնհայտ է․ «Միասնության Թևեր»-ը ձևավորվել է որպես ազդեցիկ քաղաքական ուժ, և այդ իրողությունն այլևս հնարավոր չէ անտեսել։ Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։
Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար։
Մենք աշխատում ենք։
Մենք չենք նահանջել։
Եվ մեր պայքարը շարունակվում է»,- գրել է Անանյանը։
Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է քվեների 2,30% -ը։