4c94a64c-7df1-4fce-94b8-dfe2894cfefc

Շտեմարան․ հրաձգարաններից անդին կամ ինքնորոշված անվտանգային էկոհամայնքի հայեցակարգը Հայաստանում․ Նարեկ Ներսիսյան

Հայաստանի Հանրապետությունում անվտանգության համակարգին առնչվող գործառույթները զարգանում են միմյանցից անկախ՝ մեկուսացված տրամաբանությամբ։ Քաղաքացիական պաշտպանությունը, տեղային տնտեսության զարգացումը, պարենային ինքնաբավությունը, լոգիստիկան, անվտանգ վարքագծի մշակույթը և տարածքային կազմակերպվածությունը գործում են որպես առանձին, հաճախ չհատվող ուղղություններ։ Ճգնաժամային իրավիճակներում այսպիսի անջատվածությունը հանգեցնում է ռեսուրսների և ժամանակի կորստի։

Սույն հոդվածում ներկայացնում է մի մոդել, որն անվանում ենք «Շտեմարան»։ Այն տարածքային-գործառնական հայեցակարգ է, որի խնդիրն է վերոհիշյալ գործառույթները մեկտեղել վերահսկելի, ինքնաբավ և օրինական դաշտում։ «Շտեմարան»-ը 19-րդ դարում Կալկաթայում լույս տեսնող հայկական պարբերականի անուն է։ Այն, բացի տեղեկություն տարածող պարբերական լինելուց, նաև գիտելիքի և ազգային ինքնագիտակցության կուտակման հանգույց է եղել՝ հայկական իրականության մեջ առաջիններից մեկը, որ անդրադարձել է նաև Շեքսպիրի թարգմանությանը։ Այսօր այդ գաղափարը վերաիմաստավորվում է որպես ֆիզիկական էկոհամայնք։ «Շտեմարան»-ում անվտանգությունը դառնում է կրթության, արդյունավետ աշխատանքի, պարենային անկախության, փոխօգնության և կարգապահության միասնության նյութական արտահայտություն՝ կազմակերպված տարածության և ժամանակի մեջ։

«Ինքնորոշված էկոհամայնք» հայեցակարգի իրավական և գործառութային բովանդակությունը

Հենց սկզբից հարկ է հստակ արձանագրել, որ «ինքնորոշված» եզրն այս համատեքստում չի նշանակում պետությունից անջատման պահանջ, առանձին քաղաքական կարգավիճակ կամ գործող սահմանադրական կարգից դուրս որևէ ձևաչափ։ «Շտեմարան»-ի մոդելը գործում է և կարող է զարգանալ բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և գործող իրավական դաշտի շրջանակում։ Խոսքը տարածքի ներսում կյանքի հիմնական գործառույթների ինքնակազմակերպման մասին է։ Այս իմաստով ինքնորոշված էկոհամայնքը այնպիսի միջավայր է, որը կարողանում է հնարավորինս կազմակերպել իր էներգետիկ, պարենային, կրթական, անվտանգային և կարգապահական նվազագույն կարողությունները՝ առանց դուրս գալու պետության իրավական վերահսկողությունից։ Այս մոտեցումը չի հակադրվում պետությանը։ Հակառակը՝ այն նվազեցնում է պետական ապարատի ծանրաբեռնվածությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ կենտրոնացված համակարգերը չեն կարող միաժամանակ և ամբողջ ծավալով արձագանքել բոլոր տեղային անվտանգային կարիքներին։ «Շտեմարան»-ի տրամաբանությունը պասիվ սպասող քաղաքացու դիրքից անցումն է դեպի քաղաքացիական ակտիվ, կազմակերպված և պատասխանատու համակեցության։

 

Միջազգային մոդելների համեմատական վերլուծություն

Որպեսզի «Շտեմարան»-ը լինի կիրառելի և խուսափի ծայրահեղականացումից, կարևոր է այն համադրել միջազգային հաջողված փորձի հետ։

Իսրայելական կիբուցներ․  պատմականորեն սկսվելով որպես գյուղատնտեսական կոմունաներ (օրինակ՝ Դեգանիան՝ 1910թ.)՝ կիբուցներն այսօր դարձել են բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական հզոր հանգույցներ։ «Շտեմարան»-ը վերցնում է կիբուցների «տարածք – աշխատանք – ինքնաբավություն» կապը և ուղիղ ժողովրդավարության մոդելը։ Կիբուցի տնտեսական հզորությունը ծառայում է որպես «պահող մեխանիզմ» (lock-in device)՝ կանխելով մարդկային կապիտալի արտահոսքը։ Այնուամենայնիվ, «Շտեմարան»-ը չի պատճենում կիբուցների պատմական ռազմականացված կամ վաղ սոցիալիստական (գույքի ամբողջական հանրայնացման) համատեքստը։

Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության մոդել (Kokonaisturvallisuus)․ ֆիննական մոդելի առանցքն այն է, որ հասարակության կենսական գործառույթների պաշտպանությունը պետության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ պատասխանատվությունն է։ «Շտեմարան»-ը որդեգրում է այս սկզբունքը՝ ամրագրելով, որ անվտանգությունը միայն ոստիկանության կամ բանակի գործը չէ, այն բոլորի գործն է և հիմնված է անհատների նախապատրաստվածության վրա։

Էստոնիայի հասարակական ներգրավման փորձը․  Էստոնիան մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ոլորտում քաղաքացիական կամավորությանը՝ որպես կամուրջ պետության և հասարակության միջև։ Ամենակարևոր քաղելիք դասն այն է, որ կամավորների լիազորությունները և իրավունքները պետք է խստորեն համապատասխանեն նրանց իրական հմտություններին և պատրաստվածությանը։ 

Դիմակայունության հանգույցներ (Resilience Hubs)․ ըստ ԱՄՆ-ի Քաղաքային կայունության տնօրենների ցանցի (USDN)՝ այս հանգույցները հիմնված են 5 ոլորտների վրա՝ ծառայություններ, կապ, շինություններ/լանդշաֆտ, էներգիա և գործառնություններ։ Դրանք գործում են երեք ռեժիմով՝ սովորական կամ «Կապույտ երկինք» (որպես կրթական/սոցիալական կենտրոններ), ճգնաժամի (Disruption) և վերականգնման (Recovery)։ «Շտեմարան»-ը նման է այս հանգույցներին իր կանխարգելիչ և կրթական դերով, սակայն տարբերվում է շատ ավելի ընդգրկուն մասշտաբով և լիարժեք տնտեսական էկոհամակարգ լինելով։

 

«Շտեմարան» մոդելի հնգագոտի ճարտարապետությունը

Էկոհամայնքի ճիշտ տարածքային և ֆունկցիոնալ զանազանումը ապահովվում է հնգագոտի համակարգով, որտեղ ամեն մի գոտի ունի իր հստակ դերը:

 

 Կարմիր գոտի․ ուժի սահման և կարգապահության կորիզ

Այս գոտում է տեղակայվում քաղաքացիական հրաձգարանը։ Կարևոր է շեշտել՝ հրաձգարանը չի կարող լինել ամբողջ համակարգի կենտրոնը, սակայն կարող է դառնալ դրա ստեղծման հիմնաքարը և որոշ փուլում պահպանել այդ դերը։ Նրա առաքելությունը կարգապահության և զսպվածության դպրոց լինելն է։ Գործելով օրենսդրության խիստ շրջանակում՝ հրաձգարանը զարգացնում է զենքի մշակույթը՝ սովորեցնելով ուժը ենթարկել օրենքին, վերահսկողությանը և անվտանգ վարքագծին։ Կարճ ասած՝ այն դառնում է կարգապահության այն հենարանը, որի ազդեցությունը հետագայում կարող է տարածվել էկոհամայնքի մյուս ոլորտների վրա։

 

 Կապույտ գոտի․ գիտելիք, տեղեկատվություն և վերլուծություն

Կապույտ գոտին «Շտեմարան»-ի ինտելեկտուալ և կրթական կենտրոնն է։ Եթե կարմիր գոտին ուժը ենթարկում է օրենքին ու կարգապահությանը, ապա կապույտ գոտին այդ կարգապահությունը վերածում է գիտելիքի, կողմնորոշման և կազմակերպված որոշման։ Այստեղ կարող են գործել կրթական և վերապատրաստման սրահներ, առաջին օգնության ու ճգնաժամային արձագանքման դասընթացներ, կիբերանվտանգության և կապի հանգույցներ, գրադարաններ, սիմուլյացիոն ուսուցման տարածքներ և վերլուծական խմբեր։ Ճգնաժամի պահին կապույտ գոտին կարող է վերածվել վերլուծական և կառավարման շտաբի։ Այստեղ են հավաքվում տեղեկությունները, գնահատվում ռիսկերը, կազմակերպվում կապը, համակարգվում փոխօգնությունը և մշակվում էկոհամայնքի գործողությունների հաջորդականությունը։ Հետևաբար՝ այս իմաստով կապույտ գոտին «Շտեմարան»-ի այն հատվածն է, որտեղ ճգնաժամի պահին հավաքվում են տվյալները, պահվում է կապը և համակարգվում են անհրաժեշտ գործողությունները։

 

 Կանաչ գոտի․ գյուղատնտեսության բաղադրիչ, պարեն և էկոլոգիա

Պարենային անվտանգության և էներգետիկ ինքնաբավության գոտին է։ Այստեղ են տեղակայված ժամանակակից ջերմոցային տնտեսությունները, արևային կայանները, ջրի հավաքագրման համակարգերը և պարենի պահուստավորման տարածքները։ Արտաքին մատակարարումների խափանման դեպքում կանաչ գոտին ապահովում է նվազագույն կենսունակություն, իսկ բնականոն պայմաններում դառնում է աշխատանքի, պարենային արտադրության և տարածքի հետ կենդանի կապի միջավայր։

 

Դեղին գոտի․ աշխատանք, արտադրություն և նորարարություն

Դեղին գոտին էկոհամայնքի տնտեսական շարժիչն է, որը ապահովում է դրա ֆինանսական կենսունակությունը։ Սա աշխատատեղերի, արհեստանոցների, ՏՏ կենտրոնների, փոքր արտադրամասերի, պահեստավորման և սպասարկման գոտին է։ Այստեղ ստեղծված հավելյալ արժեքը թույլ է տալիս պահել «Շտեմարան»-ի ընդհանուր ենթակառուցվածքը և նվազեցնել կախվածությունը արտաքին ֆինանսավորումից։ Դեղին գոտին էկոհամայնքի մեջ մտցնում է աշխատանքի և արտադրության տրամաբանություն՝ անվտանգությունը կապելով զբաղվածության, հմտությունների և տեղային արժեք ստեղծելու կարողության հետ։

 

Սպիտակ գոտի․ առօրյա կյանք, կարգ և համակեցության կանոններ

Սպիտակ գոտին էկոհամայնքի առօրյա, բնականոն կյանքի տարածքն է՝ բնակելի մոդուլներով, հանրային կանաչ տարածքներով, հանդիպման վայրերով և համակեցության ընդհանուր կանոններով։ Այստեղ է ձևավորվում այն վստահությունը, առանց որի մնացած գոտիները չեն կարող աշխատել որպես մեկ ամբողջական միջավայր։ Գոտին կապում է «Շտեմարան»-ի տարբեր հատվածները և միաժամանակ սահմանում է դրանց միջև անցումների կարգը։ Այն ապահովում է, որ կարմիր, կապույտ, կանաչ և դեղին գոտիները չդառնան իրարից կտրված ենթակառուցվածքներ, այլ գործեն մեկ ընդհանուր համակեցության տրամաբանության մեջ։

 

 Տնտեսական ինքնաբավություն և ռիսկեր

«Շտեմարան»-ի կենսունակությունը պայմանավորված է սեփական արտադրության, ծառայությունների և ներքին տնտեսական շրջանառության վրա հենվելու կարողությամբ։ Դեղին և կանաչ գոտիները այս առումով ունեն առանցքային նշանակություն՝ դրանց միջոցով ձևավորվում են աշխատանք, արտադրություն, ծառայություններ, պարենային ապահովում և եկամուտ, որոնք կարող են պահել էկոհամայնքի ընդհանուր ենթակառուցվածքը։ Միևնույն ժամանակ, նման մոդելը չի կարող հաջողել առանց ռիսկերի խիստ, բաց և թափանցիկ կառավարման։

 

Ռիսկի տեսակ

Նկարագրություն և մեղմացում

Իրավական վերահսկողություն Գործունեությունը պետք է իրականացվի գործող օրենսդրության շրջանակում՝ լիցենզավորման, հաշվետվողականության և պետական վերահսկողության հստակ մեխանիզմներով։
Անվտանգության կանոններ Կարմիր գոտում և դրան հարակից տարածքներում պետք է գործի զրոյական հանդուրժողականություն անվտանգության կանոնների խախտումների նկատմամբ։
Բնապահպանական և համայքային հարմարավետության նորմեր Հրաձգարանի և արտադրական հատվածների աշխատանքը պետք է կազմակերպվի աղմուկի, օդի որակի, թափոնների և հարակից բնակավայրերի հարմարավետության պահանջները հաշվի առնելով։
Հանրային վախ և սխալ ընկալում Մոդելի բաց կրթական, սոցիալական և տնտեսական բնույթը պետք է կանխի դրա ներկայացումը որպես փակ, ռազմականացված կամ անհասկանալի կառույց՝ շեշտելով բաց կրթական, սոցիալական և տնտեսական (Blue skies) բնույթը:
Քաղաքականացման վտանգ Պետք է խստագույնս արգելվի համայնքի օգտագործումը որպես քաղաքական պայքարի կամ կուսակցական գործիք։
Ֆինանսական կայունություն Մոդելը չպետք է կախված մնա միայն պետական կամ դոնորական միջոցներից։ Դեղին և կանաչ գոտիների շահութաբերությունը պետք է ապահովի երկարաժամկետ ինքնաբավության հիմքը։

«Շտեմարան»-ը պետք է դիտարկել որպես համակեցության նոր մշակույթի փորձարարական փիլիսոփայություն՝ ձևավորված Հայաստանի անվտանգային, սոցիալական և կազմակերպական խոցելիությունների պայմաններում։ Դրա հիմքում տարածքը պատասխանատու կազմակերպելու գաղափարն է այնպես, որ աշխատանքը, գիտելիքը, պարենը, կարգապահությունը, փոխօգնությունը և իրավական վերահսկողությունը հանդես գան ոչ թե որպես առանձին գործառույթներ, այլ որպես մեկ ամբողջական կենսակերպ։ Կարմիր, կապույտ, կանաչ, դեղին և սպիտակ գոտիները միասին ձևավորում են կյանքի կազմակերպման մի համակարգ, որտեղ ուժը սահմանափակվում է օրենքով, գիտելիքը վերածվում է կողմնորոշման, հողը՝ կենսունակության, աշխատանքը՝ ինքնաբավության, իսկ առօրյան՝ վստահության և կարգի։ Այդ ամբողջության մեջ «Շտեմարան»-ը դառնում է համերաշխությամբ կազմակերպված համակեցության մոդել։ 

Հայաստանի համար այսպիսի մոտեցումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մեր խոցելիության մի մասը պայմանավորված է ներքին կազմակերպաիրավական և արժեքաբանական խնդիրներով։ Երբ մարդը, համայնքը, աշխատանքը, պաշարը, գիտելիքը և կարգապահությունը գոյություն ունեն իրարից կտրված, ճգնաժամը արագ վերածվում է ոչ միայն անվտանգային, այլև սոցիալական և կառավարման խնդրի։ «Շտեմարան»-ը փորձում է այդ խզվածքը հաղթահարել՝ առաջարկելով միջավայր, որտեղ մարդը սովորում է ոչ միայն պաշտպանվել, այլև ապրել ավելի կազմակերպված, արտադրել, պահել, կիսել, ենթարկվել գործող կանոնին և պատասխանատվություն կրել իր տարածքի համար։  Այն կարող է ուժեղացնել պետությունը ներքևից՝ ձևավորելով ավելի ինքնակազմակերպված, կարգապահ և դիմակայուն քաղաքացիական միջավայր։ Սա է մոդելի հիմնական գաղափարը՝ անվտանգությունը վերածել արժեքահեն համակեցության, աշխատանքի և պատասխանատվության մշակույթի։

Այս մոդելում թեև շոշափվում է զենքի մշակույթը, այնուամենայնիվ զենքի ուժը ունի սահմանափակ, օրինական և կարգապահ դարձնող գործառույթ։ Կենտրոնական գաղափարը ավելի լայն է՝ ստեղծել միջավայր, որտեղ մարդը սովորում է պաշտպանվել, աշխատել, արտադրել, պահել պաշար, օգնել մյուսին, ենթարկվել կանոնին և պատասխանատվություն կրել իր տարածքի համար։

Այդ իմաստով «Շտեմարան»-ը կարելի է դիտարկել որպես հայկական փորձարարական մոդել, որտեղ տեղական դիմակայունությունը սկսվում է քաղաքացու առօրյա կազմակերպվածությունից և աստիճանաբար վերածվում պետական անվտանգության համար կարևոր հասարակական հենարանի։ Այն չի փոխարինում պետությանը և չի ստեղծում պետությունից դուրս տարածք,  հակառակը՝ ձևավորում է ավելի պատրաստված, ինքնակազմակերպված և պատասխանատու քաղաքացիական միջավայր, որի վրա պետությունը կարող է հենվել ճգնաժամային իրավիճակներում։ 

Գլխավոր լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն