iveta-tonoyan-1

Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա. Իվետա Տոնոյան

Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարություններին։

«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը։

Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։

Ի վերջո, ի՞նչն է պետք հերքել։

Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ-որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ։ Այո՛, մենք ունենք միջազգային լայն և բաց համագործակցություն, և երբևէ չենք թաքցրել դա։

ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ-ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր։ Շատ լավ հարաբերություններ ունենք արաբական աշխարհի մի շարք քաղաքական, հասարակական և գործարար շրջանակների հետ, ինչի մասին տեղյակ են բոլորը։ ԱՄՆ տարբեր ազդեցիկ շրջանակների հետ ունենք գործընկերային կապեր և համագործակցության ծրագրեր, որոնց մասին ևս հրապարակային խոսել ենք։

Հիմա ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ»,- գրել է Տոնոյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել էր. «Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենն իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն