Քննչական գործողություններ՝ Արեգնազ Մանուկյանի տանը լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում

Քննչական գործողություններ՝ Արեգնազ Մանուկյանի տանը լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում

Իրավապահները վաղ առավոտյան մտել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկություն իրականացնելու։

Մանուկյանն այդ ժամանակ ուղիղ հեռարձակում է սկսել, նա իրավապահներից պահանջել է ցույց տալ խուզարկության որոշումը, սակայն իրավապահները պահանջել են անջատել տեսախցիկը և մտնել բնակարան։

Քննչական կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Անդրանիկ Թևանյանը մայիսի 24-ին երկու ամսով կալանավորվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն