Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը

Երեկ ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել Երևանի Նուբարաշենի 10/51 և Մեղրի Ագարակի 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ն նիստում հայտնել է, որ այս երկու տեղամասերում արձանագրվել են խախտումներ, իսկ դրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։ Սրանք երկուսն էլ այն տեղամասերն են, որտեղ ընդդիմությունը նկատել էր զինվորականների՝ սահմանված ժամից հետո կատարված քվեարկության դեպքեր։

Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության ավարտից հետո հրապարակել էր Մեղրիի 35/65 ընտրական տեղամասից տեսանյութ՝ պնդելով, թե «զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»։ Իսկ ինչ վերաբերում է 10/51 ընտրական տեղամասում արձանագրված դեպքին, դրա մասին բարձրաձայնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ մատնանշելով քվեարկության ավարտից հետո տեղամասում զինվորների կուտակումներ։

Ավելի ուշ նաև դիտորդական առաքելություններից մեկը՝ «Ականատես»-ը, 35/65 ընտրատեղամասում արձանագրել էր քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտում՝ նշելով, որ ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել։ Մինչդեռ, ըստ օրենքի, ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։ Ըստ դիտորդականի՝ այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել, սակայն հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։

Չնայած ԿԸՀ-ն չի մանրամասնել՝ մասնավորապես որ խախտումներն են քվեարկության արդյունքները անվավեր համարելու պատճառը, այդուհանդերձ քաղաքական ուժերը քննարկում են ԿԸՀ որոշման օրինականությունն ու դրա հնարավոր հետևանքները։

ԲՀԿ-ն ԿԸՀ որոշումն ապօրինի է համարում

Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի առաջատար երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների համար, սակայն, չափազանց կարևոր է «Բարգավաճ Հայաստանի» համար, քանի որ կարող է վճռել կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու հարցը։ Այս երկու ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Մինչև երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչվելը, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն ստացել էր քվեների 3.996%-ը և ընդամենը 0.004% կամ մոտ 60 ձայն է պակասում այս ուժին ԱԺ-ում հայտնվելու համար։

Միաժամանակ, երկու տեղամասերում էլ առավելություն ունի ՔՊ-ն։ Օրինակ, Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում 1287 ընտրողից 630-ը ձայնը տվել է գործող մեծամասնությանը, 222-ը  «Ուժեղ Հայաստանին», 122-ը՝ «Հայաստանին», իսկ ահա ԲՀԿ-ն ստացել է 131 քվե։ 

Մոտ պատկեր է արձանագրվել նաև Ագարակի 35/65 ընտրատեղամասում, որտեղ  քվեարկությանը մասնակցած 1315 ընտրողներից 593-ը ձայնը տվել է ՔՊ-ին, 306-ը՝ «Ուժեղ Հայաստանին», 148-ը՝ «Հայաստանին», և 82-ը՝ ԲՀԿ-ին։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից այս երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ։ (…) Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,- հայտնել է Իվետա Տոնոյանը: 

«Սկզբում մեր ձայները տեխնիկապես իջեցվեցին, և մենք սկսեցինք քվեների վերահաշվարկ, որը մեզ թույլ տվեց վերականգնել պակասող ձայները։ Երբ այլևես որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է»,- այսօր հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե «իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության»։

Այս տեսակետը կառավարող ուժի ներկայացուցիչների համար անհասկանալի է թվում։ Նրանք հղում են անում Տոնոյանի՝ ընտրությունների օրվա հրապարակմանը և հակասական համարում այսօրվա պնդումները։ Ինքը՝ Տոնոյանը, իր գրառումներից մեկի մեկնաբանության մեջ, ի պատասխան հարցի՝ «բայց դուք էիք գրել, որ զինվորներին զանգվածաբար բերել են քվեարկելու», պատասխանել է․ «Վստահաբար ուշադիր չեք կարդացել գրառումը, իսկ ապօրինությունը կայանում է նրանում, որ օրեր շարունակ ԿԸՀ-ն խնդիր չէր տեսնում դրանում, իսկ հիմա անվավեր է ճանաչում քվեարկության արդյունքները՝ առանց վերաքվեարկության որոշման»։ 

ԲՀԿ-ի տեսակետը կիսում է խորհրդարան չանցած «Միասնության թևերը»։ Կուսակցությունը հայտարարել է, թե «ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով և 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է»: 

Իսկ «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ ԿԸՀ-ն այդ տեղամասերում պետք է նորից քվեարկություն կազմակերպի, հակառակ դեպքում, ըստ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի, «իշխանությունները հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը»:

Այս պահին առանձին տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու ընդհանուր 30 դիմում է ներկայացվել ԿԸՀ, այդ թվում նաև ԲՀԿ-ից։ Հունիսի 9-ից սկսած մինչև այսօր ժամը 14:00-ն ընդհանուր 550 ընտրական տեղամասերում անցկացվում է վերահաշվարկ, որի պաշտոնական արդյունքները պարզ կլինեն այսօր։ Այլ տեղամասերում վերահաշվարկի ընթացում ԲՀԿ-ի ձայներն ավելացել էին՝ կապված մուտքագրման անճշտությունների հետ, և շատ հնարավոր էր, որ կուսակցությունը կարողանար անցնել խորհրդարան՝ ձեռք բերելով անհրաժեշտ 0.004%-ը։ Սակայն վերը նշված երկու ընտրատեղամասերի արդյունքերի անվավեր ճանաչումը այս պատկերը մեծապես փոխում է։ 

Ինչ որոշում կարող է կայացնել ԿԸՀ-ն այս կիրակի

Վերաքվեարկություններ կիրականացվե՞ն երկու տեղամասերում, թե ոչ՝ դեռևս հստակ չէ, պարզ կլինի կիրակի օրը։ Այդ օրը, ըստ Ընտրական օրենսգրքի, ամփոփվելու են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և կայացվելու է հետևյալ որոշումներից մեկը․

1․ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,

2․ ԱԺ պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին,

3․ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին,

4․ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5․ ԱԺ ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

Մինչ այդ ԿԸՀ-ն հորդորում է սպասել կիրակի օրվա քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը, քանի որ այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։ Նիստը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

Լուսանկարում՝ ԿԸՀ պաշտոնական կայքում 10/51 տեղամասից ուղիղ հեռարձակումից արված էկրանակադրը՝ մշակված ԱԲ-ի միջոցով