քննչական

«Ֆեյսբուքում» իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ անձանցից մեկը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է, որի ձերբակալման մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն