arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն անելու վերաբերյալ պահանջին հստակ պատասխան չի ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխարենը Վահագն Հովակիմյանին նկարչական պարագաներ նվիրեցին։
Նշենք, որ ԲՀԿ-ն ակցիա էր իրականացնում ԿԸՀ շենքի մոտ։ Պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ-ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ է ներկայացրել։
«ԿԸՀ-ից մեզ ասացին, որ մինչ այս պահը չունեն վերջնական պատասխան և տվյալներ, բայց փոխարենը ՔՊ-ն հունիսի 8-ի վաղ առավոտյան ասում էր` հաղթել են։ Մեզ ասացին նաև, որ թվերը կներառեն հաշվարկներում` 130 ձայն, չնայած, որ 59-60 ձայն էր մեզ պակասում ԱԺ մուտք գործելու համար։ Երկու ընտրատեղամասում ձայներն անվավեր անելն ապօրինի է, ու 2600 բնակիչ էլ պահանջում է կրկին քվեարկություն անել այնտեղ, քանի որ զրկվել են ձայնի իրավունքից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը ԿԸՀ-ից դուրս գալուց հետո։
Քիչ անց կուսակցության անդամները նվեր փոխանցեցին` նախատեսված ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի համար։
«Նվեր կտանք, երբ ԿԸՀ նախագահը բուռն ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու` այդ պարագաներով անի, ոչ թե թվաբանական աճպարարություն անի»,- նշեց Տոնոյանը։
ԲՀԿ-ականները ջրաներկ, վրձիններ և ստվարաթուղթ նվիրեցին Հովակիմյանին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ այս երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այս երկու ընտրատեղամասերում ունի ամենաշատ ձայները։ Այս երկու ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Մինչև երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչվելը, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն ստացել էր քվեների 3.996%-ը և ընդամենը 0.004% կամ մոտ 60 ձայն է պակասում այս ուժին ԱԺ-ում հայտնվելու համար։