ce32f19f-17fc-410a-77a1-08debadc3b87_w1023_r1

Աշխարհն արձագանքում է ԱՄՆ-Իրան փաստաթղթի համաձայնեցմանը | azatutyun.am

azatutyun.am Միջազգային առաջնորդները ողջունում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը։

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը համատեղ հայտարարությամբ պատրաստակամություն են հայտնել մեղմել Թեհրանի դեմ որոշ պատժամիջոցներ։

«Մենք պատրաստ ենք չեղարկել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի կողմից ձեռնարկվող հստակ և ստուգելի քայլերի։ Մենք սերտորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ բաց չթողնելու այս պահը, պահպանելու թափը և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման», – ասվում է հայտարարության մեջ, որում նաև ընդգծվում է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ընդգծել է․ «Հստակ հայտարարում ենք, որ Հորմուզի նեղուցում այժմ պետք է վերականգնվի առանց վճարների նավարկության ազատությունը… Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս ողջունել է ձեռք բերված համաձայնությունը։ Նա հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել «արագ և ամբողջությամբ իրագործել այն»։

«Համաձայնագիրը պետք է Հորմուզի նեղուցը հրատապ և առանց նախապայմանների վերաբացելու հնարավորություն ընձեռի, որին պատրաստ է աջակցել Միացյալ Թագավորության հետ համատեղ ստեղծված միջազգային առաքելությունը», – նշել է Մակրոնը։

Դիվանագիտական բեկման առիթով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իրանին։ «Սա կարող է ճանապարհ հարթել դեպի վերակենդանացած համաշխարհային տնտեսություն և ավելի անվտանգ Մերձավոր Արևելք: Կարևոր է այն իրականացնել վճռականությամբ», – գրել է կանցլերը։

«Ջերմորեն շնորհավորում եմ ԱՄՆ-ին և Իրանին՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար․․․ Սա կարևոր քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին», – արձագանքել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն