azatutyun.am Ռուսական լայնածավալ ավիահարվածներից Կիևում չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհ է բռնկվել, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են իշխանությունները, որոնք բնակչությանը կոչ են արել պատսպարվել։
Սա վերջին երկու շաբաթվա ամենախոշոր հարձակումն էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, գրում է Reuters-ը։
Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ Կիևի կենտրոնում գտնվող Պեչորյան վանական համալիրը, որը հիմնադրվել է 1051 թվականին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ուղղակի հարձակման հետևանքով լուրջ վնասներ է կրել։
«Դաժան հարձակում մեր ժողովրդի և մեր ժառանգության վրա։ Սա է Ռուսաստանի ուղղափառ արժեքների իրական դեմքը», – ռուսական հարվածին այսպես է արձագանքել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հարվածել են մի քանի բազմահարկ բնակելի շենքերի և վնասել էլեկտրահաղորդման գծերը՝ շուրջ 140,000 բնակչի թողնելով առանց էլեկտրականության, հայտնում են Կիևի իշխանությունները։
Ուկրաինայի խոշորությամբ երկրորդ Խարկով քաղաքին հասցված ռուսական մեկ այլ հարվածի հետևանքով փրկարար ծառայության հինգ աշխատակից է զոհվել, առնվազն հինգը վիրավորվել են, հայտնել է ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Սումիում հաղորդվում է երեք վիրավորի մասին, մեկը՝ երեխա։
Մոսկվայից հարավ գտնվող ռուսաստանյան արդյունաբերական կենտրոն Տուլա քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, վիրավորվել են, հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։
Գիշերվա ընթացքում Մոսկվան նույնպես հետ է մղել անօդաչու թռչող սարքեր, տեղեկացրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։