Մեկ շինարարություն, մեկ անձ․ համաժամանակյա մասնակցություն շինարարության և տեխհսկողության մեջ

«Ճանապարհ» ընկերությունը 2022-2024 թվականներին նորոգել է 3 ճանապարհ։ Աշխատանքների համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընկերության հետ կնքել է 2 պայմանագիր։ Նորոգման տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունը։ Այս ընկերություններին, սակայն,  կապում է ոչ միայն շինարար-տեխհսկող համագործակցությունը, այլ նաև մեկ անձ՝ Էդուարդ Բեզոյանը։ «Ինֆոքոմը» պարզել է, որ նա միաժամանակ «Ճանապարհ» ընկերության սեփականատերն է և «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության մոտ 2%-ի բաժնետերը։ Ուսումնասիրած այս դեպքերում Էդուարդ Բեզոյանին պատկանող մի ընկերությունը կառուցել է, իսկ իր մասնակցությամբ մյուս ընկերությունը՝ վերահսկել շինարարությունը։

«Ճանապարհ» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Մասնագիտացած է ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարության ոլորտում։ Էդուարդ Բեզոյանն այս ընկերության սեփականատերն է 2011 թվականից։ 

«Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության 88% բաժնեմասը պատկանում է Ռուզաննա Ավագյանին, մնացած 12%-ը բաժանված է 25 անձի միջև, այդ թվում՝ Բեզոյանի, որին պատկանում է բաժնեմասերի 1․7 տոկոսը։ 2020-2024 թվականներին Ռուզաննա Ավագյանի բաժնեմասերը պատկանել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Բադալյանին, իսկ դրան նախորդող 19 տարիներին հորը՝ Ստեփան Բադալյանին։ 

Պետական գնումների armeps.am համակարգում 2018 թվականից մինչև 2025-ի դեկտեմբեր առկա է «Ճանապարհ» ընկերության հետ կնքված 41 պայմանագիր՝ ավելի քան 41 մլրդ դրամի։ Իսկ «Ճաննախագիծ ինստիտուտի» հետ՝ շուրջ 2.8 մլրդ դրամի 248 պայմանագիր։ 

Այս ընկերությունները, որպես միևնույն շինարարության իրականացնող և տեխհսկող, առաջին անգամ առնչվել են 2022 թվականին։ «Ճանապարհ» ընկերությունը նորոգել է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի և Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհների հատվածներ, «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունը՝ տեխնիկական հսկողություն իրականացրել։ Շինարարությունն արժեցել է 1 մլրդ 690 դրամ, իսկ տեխհսկողությունը՝ 4․5 մլն դրամ։ Այս ընկերության նորոգած մյուս ավտոճանապարհը Ենոքավան-Կարմիր գյուղն է։ Ըստ պայմանագրերի՝ «Ճանապարհը» ստացել է 642 մլն դրամ, իսկ «Ճաննախագիծ ինստիտուտը»՝ 7․2 մլն դրամ։ 

«Ճանապարհ» ընկերության սեփականատեր, «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության բաժնետեր Էդուարդ Բեզոյանը կարծում է, որ իրեն առնչվող երկու ընկերությունների համագործակցության մեջ շահերի բախում չկա։ Նա համոզված է, որ ներկայացվածությունը «Ճաննախագիծ ինստիտուտում» տեխնիկական հսկիչի մոտ կաշկանդվածություն առաջացնել չի կարող։

«Բացի տեխհսկողից այլ ստուգողներ էլ կան, օրինակ՝ պատվիրատու պետական մարմինը։ Չեմ կարծում, որ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունն իրավունք չունի մասնակցելու այն մրցույթներին, որտեղ «Ճանապարհ» ընկերությունը հաղթել է»

Լուսանկարներ


Թեպետ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Բեզոյանը «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության բաժնետեր է դարձել 2001 թվականին, սակայն իր խոսքով՝ դա եղել է 1995-96 թվականներին, երբ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանում մի շարք գործարանների սեփականաշնորհումը իրականացվում էր վաուչերով․ «Ես մոռացել եմ, որ մասնաբաժին ունեմ այդ ընկերությունում։ Եթե շահույթով է աշխատում, շահաբաժին ստանում եմ, եթե շահույթով չի աշխատում, ուրեմն՝ ոչ»։ 

Ի՞նչ է սահմանում օրենքը

Շինարար-տեխհսկող փոխկապակցվածության մեկ այլ դեպքի մասին պատմող մեր նյութում նշել էինք, որ կողմերի միջև փոխկապակցվածությունն արգելող դրույթ չկա։ Բայց շինարարության երկու կողմերում էլ միևնույն անձի կամ ընկերության ներկայությունն, ինչպես այս դեպքում, արգելված է։ Տեխնիկական հսկողության ոլորտը կարգավորող Կառավարության որոշումներից մեկով սահմանված է, որ շինարար ընկերությունները կամ անձինք չեն կարող կատարել իրենց շինարարությունների որակի տեխնիկական հսկողությունը։ Այս որոշման հիման վրա էլ Քաղաքաշինության կոմիտեն լուծել էր մեկ այլ՝ «Սուրգև» ընկերության հետ կնքված պայմանագիրը։ 2023 թվականին այդ ընկերությունը պետք է իրականացներ Գեղարքունիքի մարզի դատարաններից մեկի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքները, իսկ շինարարությունն իրականացնելու էր «Արսեվ» ընկերությունը։ Քաղաքաշինության կոմիտեն արձանագրել էր, որ «Սուրգև» ընկերության տնօրենը և «Արսեվի» 50%-ի բաժնետերը նույն անձն է։ 

Սակայն 2024 թվականի նոյեմբերին Կառավարության այս որոշումն ուժը կորցրել է։ Նկարագրված կետին համապատասխանող դրույթը 2023 թվականին ավելացվել է Քաղաքաշինության մասին օրենքում։ Մինչդեռ այս պարագայում ձևակերպումը մի փոքր նեղ է։ Եթե նախորդ դրույթի համաձայն՝ շինարար ընկերությունները կամ անձինք չէին կարող կատարել իրենց շինարարությունների որակի տեխնիկական հսկողությունը, այս պարագայում սահմանափակումը վերաբերում է միայն բուն ընկերությանը։ Նույնը սահմանված է քաղաքաշինության ոլորտը կարգավորող մեկ այլ նորմով։ 

Քաղաքաշինության կոմիտեն կարծում է, որ ոլորտը կարգավորող դրույթները ձևակերպված են այնպես, որ շինարարի և տեխհսկողի միջև կապը չի կարող ազդել շինարարության որակի վրա։ Շենքերի ու շինությունների՝ սահմանված կարգով կառուցված և շահագործման հանձնված լինելու փաստը ենթադրում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են որակով, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և նախագծային լուծումներին համապատասխան:

«Շինարարության գործընթացը կանոնակարգող գործող իրավական ակտերով հստակ սահմանված է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների պատասխանատվության շրջանակը, հետևաբար մինչև անգամ փոխկապակցվածության հանգամանքը չի կարող պայմաններ ստեղծել կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքների ոչ պատշաճ կատարման համար և չի կարող տվյալ կազմակերպությանը ազատել հետագա պատասխանատվությունից»։

Միաժամանակ, ըստ Կոմիտեի, նախատեսվում է օրենքում շինարարի և տեխսհկողի միջև փոխկապակցվածությունը, այդ թվում՝ նույն անձի միաժամանակյա մասնակցությունն արգելող դրույթների ավելացում։ Երբ փոփոխությունը կդրվի հանրային քննարկման՝ Կոմիտեն չի նշում։ Դեռևս հստակ չէ նաև, թե սպասվող դրույթները խախտելու դեպքում ինչ կսպառնա ընկերություններին։ 

Այսպիսով, օրենքը ոչ միայն չի արգելում տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին վերահսկել իրենց հետ կապված անձանց շինարարությունը, այլ նաև միևնույն անձի մասնակցությունը նույն նախագծում աշխատող շինարար և տեխհսկող ընկերություններում։


Առաջարկում ենք կարդալ՝


Հայրը կառուցում է, որդին՝ վերահսկում․ ընտանիքի անդամները շինարարության տարբեր կողմերում

Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը

 

Թողնել մեկնաբանություն