arm.sputniknews.ru «Միասնության թևեր» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ու վերաքվեարկություն նշանակելու պահանջով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։
«Այնտեղ կետեր կան, թե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում։ Մեր պահանջն է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ԿԸՀ–ի՝ ԱԺ ընտրությունները կայացած համարելու և մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14–ի որոշումը»,– ասաց նա։
Դրմեյանը ՍԴ դիմելու պահանջի հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ չեն ցանկանում բացահայտել իրենց ամբողջ գործիքակազմը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը զուգահեռ մի քանի այլ իրավական գործընթացներ է իրականացնելու։ Նա կրկին շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։
«Չեն արտահայտում այն հիմքով, որ նախընտրական ամբողջ ընթացքում ՔՊ-ի և իշխանական ապարատի կողմից ընտրողների վրա կիրառվել են այնպիսի միջոցներ, որ նրանք չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը։ Խախտվել է Սահմանադրությամբ պաշտպանվող ընտրության ազատությունը», – շարունակեց Դրմեյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտնել էր, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կկարողանան դիմել Սահմանադրական դատարան հունիսի 19–ին։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն։
Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։