l-0x0wh-786x458z-1-107

Կբարելավվեն գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն և մրցակցային միջավայր. նախագիծ | 1lurer.am

1lurer.am  Խորհրդարանը քննարկում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն իր խոսքում ասաց՝ նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են իրականացվում գնումների համակարգում:

«Հիշեցնեմ, որ գնումների համակարգը միշտ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն է գնում, այսինքն՝ մեզ մոտ կանոնակարգերը կա՛մ չափից դուրս խիստ են, մենք դրանով փորձում ենք ապահովել հարկատուների վճարած հարկերի արդյունավետ ծախսը, կա՛մ դրանք չափից դուրս ճկուն են, որով էլի փորձ է արվում, որ ապահովենք հարկատուների հարկերի արդյունավետ օգտագործումը, սակայն այս քայլով մենք փորձում ենք բալանս գտնել»,- ասաց Ավանեսյանը՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում օրենքների նախագծերի փաթեթով:

«Գնումների մասին» օրենքը թեև վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, սակայն պահպանել է իր սկզբնական կառուցվածքը և կիրառման տրամաբանությունը:

Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին և ժամանակակից տեխնոլոգիական հատուկ հնարավորություններին:

Դրա հետևանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով: Ուստի նպատակահարմար է օրենսդրական փոփոխություններով խթանել գնումների համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումը և արդյունավետության բարձրացումը՝ ձևավորելով ավելի թափանցիկ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած միջավայր:

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել և արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և մրցակցային միջավայր: Այն ստեղծում է հիմք նորարար մոտեցումների և տեխնոլոգիական լուծումների կիրառման համար:

Կարգավորումն ուղղված է գնումների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, մրցակցային միջավայրի խթանմանը և նոր մեխանիզմների փորձարկման հնարավորության ապահովմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն