azatutyun.am Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:
Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ՝ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ: Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ անձ է որոշվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին:
Օրերս նախկին նախագահի փաստաբանն էր լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնել այս նոր մեղադրանքից: Արամ Օրբելյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահին մեղադրում են դեռ 2004-2009 թվականների մի գործարքի համար, որը վերաբերում է «Մաստեր կլաս» թենիսի տարածքին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում