u1kttznuhpqnecio4jud4pvugpscjpcj9xeuhpaf

Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար | armenpress.am

armenpress.am Պենտագոնն Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա ծախսել է մոտավորապես 40 միլիարդ դոլար: Այս մասին վկայում են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության տվյալները, որը հրապարակվելու է առաջիկայում։

Ինչպես CNN հեռուստաալիքին հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Կանսիանը, այդ ծախսերը ներառում են զինամթերքի, ոչնչացված սարքավորումների գումարը և ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը, բայց չեն ներառում գործառնական ծախսերը, որոնք արդեն հաշվառված էին նախարարության 2026 թ. ֆինանսական տարվա բյուջեում, որը կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։

Թեև ԱՄՆ պատերազմի նախարարության վրա է եղել ծախսերի հիմնական ծանրությունը, բայց հակամարտությունը մյուս գերատեսչությունների համար, ինչպիսիք են Ներքին անվտանգության նախարարությունը և Վետերանների հարցերով նախարարությունը, արժեցել է 1 միլիարդ դոլար, ինչի մասին վկայում են CSIS-ի տվյալները։

Մայիսին Պենտագոնը Սենատի զինված ուժերի հանձնաժողովին հայտնել էր, որ ռազմական գործողությունների ծախսերը հասնում են 29 միլիարդ դոլարի, որը ներառում է անհրաժեշտ վերանորոգումների ծախսերը, տեխնիկայի համալրումն ու փոխարինումը և ընդհանուր գործառնական ծախսերը։

Մինչդեռ սպառողների համար բենզինի գներն ԱՄՆ-ում ռազմական գործողությունների ժամանակ մեկ գալոնի (3,78 լիտր) դիմաց միջինը 3 ​​դոլարից պակաս մակարդակից բարձրացել են մինչև ավելի քան 4 դոլար։

Աշխատանքի վիճակագրության բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան գնաճը երեք տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 4%-ը, ինչը պայմանավորված է էներգակիրների գների աճով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն