hetq.am Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
Դատախազությունը պատգամավորին և նրա ընտանիքի անդամներին ֆինանսական և գույքային պահանջ էր ներկայացրել 2024 թ․-ին, որից հետո պահանջը ներկայացվել է դատարան։ Երկու տարի տևած դատավարության ընթացքում երկրորդ փորձից կողմերը հաշտության եզրեր գտան։ Հաշտությանը նախորդեց դատախազության պահանջի փոփոխությունը, որի ամբողջ մանրամասները երկու կողմն էլ առայժմ չեն հանրայնացնում։
Դատավարության սկզբնական փուլում հայտնի էր դարձել, որ Զաքարյանին և կնոջը ավելի քան 750 մլն դրամի պահանջ էր ներկայացվել։ Զաքարյանի որդուց՝ Վարդան Զաքարյանից և վերջինիս կնոջից դատախազությունը պահանջել էր պետությանը վերադարձնել Երևանի կենտրոնում՝ Սայաթ–Նովայի պողոտայում գտնվող գույքը։ Բացի այդ՝ Զաքարյանի որդուն ներկայացվել էր Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող առանձնատունը պետությանը վերադարձնելու պահանջ։ Այսինքն՝ այդ տունը համարվել է ապօրինի ծագում ունեցող։ Խոսքն այն առանձնատան մասին է, որի կառուցման համար ծախսված գումարների ծագումը քաղաքական բանավեճերի առիթ է եղել նախկին իշխանությունների ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, իսկ Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում