Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ | factor.am

Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ | factor.am

factor.am Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները։

Factor․am-ը հրամանից տեղեկանում է, որ դպրոցի ֆիզիկական միջավայրը՝ ներառյալ դպրոցի շրջակայքն ու ենթակառուցվածքները պետք է տեղակայված, կառուցված և կահավորված լինեն՝ ապահովելով անվտանգության, հասանելիության և մատչելիության պահանջների պահպանումը: Ձևավորված կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ և զերծ սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից՝ ներառյալ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը, անտեսումը, թրաֆիքինգը և շահագործումը, ինչպես նաև դրանց մասնավոր դրսևորումները՝ բուլինգը, կիբերբուլինգը և ֆիզիկական (մարմնական) պատիժը։ Նշվում է, որ դպրոցը պետք է իրականացնի համակարգված և շարունակական կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ թրաֆիքինգի և բուլինգի կանխարգելմանը։

Դպրոցը պետք է ապահովի դրական, անվտանգ և աջակցող բարոյահոգեբանական միջավայր՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և համագործակցության մշակույթ։ Այդ նպատակով դպրոցը պետք է՝

1) իրականացնի սովորողների սոցիալական-հուզական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ․

2) ձևավորի կոնֆլիկտների խաղաղ և կառուցողական լուծման կարողություններ․

3) խթանի դրական վարքագծի և արդյունավետ հաղորդակցման մշակույթ․

4) իրականացնի հոգեկան առողջության պահպանման, հուզական բարեկեցության և սթրեսի հաղթահարմանն ուղղված ծրագրեր․

5) իրականացնի թվային անվտանգության, մեդիագրագիտության և պատասխանատու առցանց վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր․

6) ապահովի աջակցող և ներառական միջավայր՝ հաշվի առնելով սովորողների անհատական, մշակութային և զարգացման առանձնահատկությունները։

Անձնակազմը պետք է ծանոթ լինի սովորողների նկատմամբ բռնության, թրաֆիքինգի, բուլինգի և դրանց տարբեր ձևերի հնարավոր նշաններին, ինչպես նաև ժամանակին բացահայտի սովորողների վարքագծային, հուզական կամ սոցիալական փոփոխությունները և այլ նախազգուշացնող նշանները, որոնք կարող են վկայել նման դեպքերի առկայության մասին, և անհապաղ տեղեկացնի այդ մասին դպրոցի սովորողի պաշտպանության թիմին։

Բացի այդ, դպրոցը պետք է ապահովի բռնության, թրաֆիքինգի և բուլինգի դեպքերի արձագանքման հստակ ընթացակարգեր՝ ներառյալ դեպքերի գրանցումը, գնահատումը, անհրաժեշտ աջակցությունը և, ըստ անհրաժեշտության, համապատասխան իրավասու մարմիններին ուղղորդումը՝ համագործակցելով առողջապահական, սոցիալական, իրավապահ և համայնքային ծառայությունների հետ։ Բոլոր միջամտությունները պետք է իրականացվեն սովորողակենտրոն մոտեցմամբ՝ ապահովելով սովորողի լավագույն շահը, արժանապատվությունը, անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության պաշտպանությունը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը՝ բացառելով խտրականության ցանկացած դրսևորում։

Սովորողները պետք է ներգրավվեն դպրոցի անվտանգ միջավայրի ձևավորման գործընթացում՝ իրազեկման, ինքնապաշտպանության և փոխաջակցության ծրագրերի միջոցով։

Հրամանում առանձին հատված անդրադառնում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման կանխարգելմանն ուղղված գործողություններին, որոնք պետք ՝ նախաձեռնի դպրոցը։ Ուսումնական հաստատությունը պետք է կազմակերպի տեղեկատվական և իրազեկման միջոցառումներ՝ ներառյալ տեսանյութերի դիտում, քննարկումներ և թեմատիկ դասընթացներ, որոնք ուղղված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասների, ռիսկերի և հետևանքների վերաբերյալ սովորողների գիտելիքների և իրազեկվածության բարձրացմանը։

Հրամանը սկսելու է գործել սեպտեմբերի 1-ից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն