5leuznlqpljzs6tyvrk24mduraeenv0mjlooi2ko

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի | armenpress.am

armenpress.am Հանրապետությունում 2026 թվականի գարունը եղել է բավական տեղումնառատ, իսկ գարնանային վարարումների հոսքի ծավալները գրանցվել են նորմայից բարձր։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր են եղել Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետերի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 տոկոսը։ Առատ տեղումները շարունակվել են հունիսին։ Մասնավորապես, հունիսին բոլոր գետերում ջրի միջին ամսական ելքերը գերազանցել են նորման։

«Առատ տեղումներն իրենց ազդեցությունն են թողել Սևանա լճի ջրի մակարդակի վրա։ Եթե 2026 թվականին հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22մ,  ապա հունիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․73մ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 3 սմ-ով։ Այս տարվա հունիս ամսվա ընթացքում լճի մակարդակի բարձրացման նման տեմպեր հազվադեպ են հանդիպում։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, ընդ որում, նման չափով բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Անդրադառնալով Սևանից բացթողնվող ջրառին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ տեղումնառատ սեզոնով պայմանավորված այս տարի այդ բացթողումը ուշ կլինի։ Օրինակ, 2025 թվականի հունիսի 6-ից Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել էր ջրառ։ Հունիսի 6-ից հունիսի 24-ը ներառյալ լճից արդեն բաց էր թողնվել 31,677 մլն խմ ջուր։ Այս տարի Սևանա լճից բացթողում դեռ չի իրականացվել։

«Ճիշտ է ջրամբարների լցվածությունն այս տարի դրական է, հիմնականում 100 տոկոսին մոտ կամ դրանից ավելի, սակայն դա բավարար չէ։ Կան տարածաշրջաններ, որտեղ առանց Սևանա լճից ջրի բացթողնման հնարավոր չէ ոռոգել, հետևաբար բացթողում կլինի։ Այստեղ կավելացնեմ, որ ջրամբարների բավական լցվածությունն իր դրական ազդեցությունը կթողնի և այս տարի Սևանից քիչ ծավալներով ջուր բաց կթողնվի»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն