armenpress.am ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել մի խումբ շահառուների վարկերի մարման ժամկետը և տրամադրել վարկի մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են այն սահմանափակումներով, որոնց բախվել են Հայաստանի պտուղ-բանջարեղեն արտադրողներն ու արտահանողները, մասնավորապես՝ ռուսական շուկայում։
Նախագծով առաջարկվում է, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականն իրականացված մոնիտորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած շահառուների համար վարկի մարման ժամկետը երկարաձգվի մեկ տարով։ Խոսքը այն շահառուների մասին է, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետն արդեն լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։
«Եթե այգին արդեն բերք է տվել, այդ բերքն իրացվել է, և արտոնյալ ժամկետն ավարտվել է, ապա այգետիրոջ համար մեկ տարով երկարաձգվում է վարկի ժամկետը և մեկ տարով տրամադրվում է մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետ»,-ասաց Պապոյանը։
Նախարարը պարզաբանեց, որ ջերմատների դեպքում նախկինում նման աջակցությունը սահմանվել էր 6 ամիս ժամկետով, իսկ ինտենսիվ այգիների դեպքում առաջարկվում է մեկ տարի, քանի որ այգիների բերքը հիմնականում ստացվում է տարին մեկ անգամ։
Պապոյանի խոսքով՝ այս մոտեցումը հնարավորություն կտա վարկային պարտավորությունները բաշխել հետագա տարիների վրա և խուսափել կարճ ժամանակահատվածում մեծ ֆինանսական ծանրաբեռնվածությունից։
Նշված արտոնությունից օգտվելու համար շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց։ Դիմումին պետք է կցվի նախարարության տրամադրած տեղեկանքը՝ մոնիտորինգի արդյունքներով այգու հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի տեղեկանքը՝ 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասին։
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն մեծ տարածքներում ներդրում իրականացնող տնտեսվարողների համար։ Իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան 10 հեկտար և ավելի ինտենսիվ այգի հիմնելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազան կառուցելու դեպքում ծրագիրն իրականացնել առանց կապալառուի։
Այդ դեպքում շահառուն պետք է ներկայացնի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացություն՝ իր ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։
«Նախկինում դա կապալառուն էր անում, հիմա ասում ենք՝ շահառուն ևս կարող է անել, բայց եթե պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպությունը աուդիտ անի, ապա մենք այդ տարբերակն էլ ենք ընդունելու»,-նշեց Պապոյանը։