azatutyun.am Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ նավագնացության դեմ Թեհրանի «ագրեսիային» ի պատասխան, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցցանցում արված գրառմամբ նաև սպառնալով ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։
«Ամերիկյան ավիացիան հենց նոր հարվածներ հասցրեց իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը դարձյալ խախտելու համար։ Շատ հնարավոր է, որ նրանք երբեք չեն խրատվի,- գրել է նա, – Կարող է պահ գալ, երբ մենք այլևս չենք կարողանա ողջամիտ լինել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել այն գործը, որը մենք շատ հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա»։
Ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից հետո հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտների նկատմամբ։ Միաժամանակ, Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են, որ իրենց օդային տարածք արկեր են ներխուժել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Մարտի 9-ին Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։
Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։
Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հայտարարել է հաջորդ օրվանից հրադադար սկսելու մասին։ Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Իսլամաբադում տեղի են ունեցել խաղաղության շուրջ բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։ Դրանց թվում են․
Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում):
Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում:
Վերջնական գործարքի կնքում առավելագույնը 60 օրում (երկարաձգման հնարավորությամբ):
ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման վերացում:
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման ապահովում։
ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերների կողմից առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերջնական, փոխադարձաբար համաձայնեցված պլանի» մշակում՝ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար»։
Պատժամիջոցների վերացում։
Իրանը կողմից համաձայնություն չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք։