Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ

Արդյո՞ք Հայաստանում գիտությունը բխում է պետության կարիքներից․ սա հարց է, որի շուրջ քննարկումները տևում են արդեն տարիներ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը», շահագրգիռ կողմերի հետ զրույցներով փորձել է հասկանալ, թե Հայաստանում պետության կարիքների համար իրականացվող հետազոտություններին առնչվող ինչ խնդիրներ կան, այդ հետազոտությունների ինստիտուցիոնալ մեխանիզմները կայացնելու ուղղությամբ ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը, և որքանով են այդ քայլերն արդյունավետ։

Պետության կարիքներին ուղղված հետազոտությունները

Հայաստանում հետազոտությունների և մշակումների ֆինանսավորումը հատկացվում է մի քանի ծրագրերի։ Դրանցից նպատակային ծրագրերն ուղղված են հենց պետության կարիքների բավարարմանը․ այս ծրագրերի շրջանակում գիտական կառույցները հետազոտություններ են իրականացնում պետական գերատեսչությունների առաջադրած խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։ Ծրագրում վերջին տարիներին իրականացվել են ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսավորման ծավալների փոփոխություններ, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի» հրապարակումը

Այս տարվա հունվարի 29-ին կառավարությունը հաստատեց «Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը» և դրա միջոցառումները։ Կառավարությունն այս փաստաթղթերին կից սահմանեց նաև գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղությունները, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։

Ոլորտի ռազմավարական ծրագրի նախնական տարբերակը պատրաստ էր դեռ 2021-ին, սակայն չէր հրապարակվում։ Պատճառն, ըստ կառավարության, այն էր, որ ծրագրի նախնական տարբերակում նախանշված թիրախներին արդեն հասել էին, և նոր թիրախներ սահմանելու անհրաժեշտություն կար։ Այդ պատճառով էր, որ մշակվեց նոր ծրագիր՝ նոր թիրախներով։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ կառավարության՝ 2021-2026 թթ․ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը հիմք ստեղծեց ռազմավարական մտածելու, քանի որ, ըստ պաշտոնյայի, թերֆինանսավորվող համակարգում ռազմավարական մտածողություն զարգացնելը «մի փոքր տարօրինակ էր»։

ԲԿԳԿ նախագահի համար ռազմավարական ծրագրի ամենակարևոր արձանագրումն այն է, որ Կառավարությունը մինչև 2030 թ․ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորումը նախատեսում է հասցնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1%-ին։ Պաշտոնյան կարևորում է նաև գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների հաստատումը։

Ռազմավարության թիրախները

«Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի» հիմքում դրված են 4 ռազմավարական նպատակներ՝

  • հետազոտությունների գերազանցության խթանում,
  • տնտեսական ազդեցության մեծացում,
  • սոցիալական պատասխանատվության բարձրացում,
  • վերակազմավորում և առաջխաղացում:

 

Ծրագիրը միտված է 2030 թ․ հետևյալ ցուցանիշների ապահովմանը՝

  • լրիվ ծանրաբեռնվածությամբ հետազոտողների քանակը՝ 6000՝ պետական ֆինանսավորմամբ, իսկ մասնավոր հատվածի հետազոտողների ներառմամբ՝ 8000,

  • Web of Science միջազգային ինդեքսավորման համակարգում ինդեքսավորվող պարբերականներում գիտական հրապարակումների քանակը` 6000/տարի, 

  • ՀՆԱ-ի նկատմամբ ՀևՄ ոլորտին հատկացումների մասնաբաժնի թիրախային արժեքը՝ 1.0 %, այդ թվում՝ պետական ներդրումների մասով՝ 0.75 %, իսկ մասնավոր ներդրումների մասով՝ 0.25 %,

  • բուհերի հետ ինտեգրված խոշոր պետական գիտական կազմակերպություններ` մինչև 15,

  • գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակա ուղղություններով իրականացվող առնվազն 4 համալիր ծրագիր,

  • ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների գրանցած արտոնագրերի քանակ` 70 (2026-2030 թթ. ընթացքում),

  • բուհական գիտատար ստարտափների քանակ՝ 2030 թվականին՝ 30: 

Պետության կարիքների վերհանման խնդիրներ

Ռազմավարական ծրագրում կան երկու նպատակներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պետության կարիքներին ու պետական պատվերին։ Առաջինը «Տնտեսական ազդեցության մեծացում»-ն է։

Վերջինի նպատակն է ստեղծել խթաններ, որոնք կապահովեն ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը։

«Այս իմաստով պարտադիր է, որ նման գործունեությունն իրականացվի մրցունակ հետազոտություններ իրականացնելու փորձառության հենքի վրա և պատշաճ մեթոդաբանության կիրառմամբ, որպեսզի հնարավորինս մեծացվի դրանց կիրառելիության հեռանկարը»,- ասվում է փաստաթղթում:

Այս ռազմավարական նպատակի շրջանակներում կառավարությունն առանձնացնում է մի շարք հիմնախնդիրներ։ Փաստաթուղթն, օրինակ, արձանագրում է, որ Հայաստանում  շատ թույլ են զարգացած հետազոտական կարիքների վերհանման մեխանիզմներն ու կարիքներից բխող հետազոտությունների իրականացման և հետագայում հետազոտության արդյունքների կիրառման մեխանիզմները:

«Ընդ որում, խնդիր կա նաև հակառակ կողմում` բացահայտված և ձևակերպված խնդիրը պատշաճ լուծելու կամ առնվազն իր ամբողջության մեջ պատշաճ հետազոտելու և ավարտուն արդյունք տալու իմաստով: Ոլորտում գործում է տասնամյակներով արմատացած իներցիան, երբ մեկ հստակ գիտական խնդիրը կարող է ուռճացվել և տրոհվել բազմաթիվ քիչ կարևոր ենթախնդիրների` ի վերջո թիրախից կորցնելով հիմնական հարցին պատասխանելու նպատակադրումը»,- ասվում է ծրագրում։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, սակայն, նշում է, որ կառավարությունը հետազոտական կարիքների վերհանման մեխանիզմների՝ թույլ զարգացած լինելու խնդիրն արձանագրել է՝ լուծման փորձ ունենալով հանդերձ․ խոսքը նպատակային ֆինանսավորման ծրագրի տրամաբանության փոփոխության մասին է։

«Մենք նպատակային ֆինանսավորման ծրագրերն իրականացնում էինք իներցիոն, այսինքն՝ գիտական կազմակերպություններն ինչ֊որ հայտեր էին ունենում, դիմում էին որևէ գերատեսչություն, նամակ ստանում, ներկայացնում մեզ։ Դա, վերջին հաշվով, էլի գիտական հետազոտություն էր»։

Ծրագրի նոր տրամաբանությունը, պաշտոնյայի խոսքով, բերել է որակական փոփոխությունների։

«Հիմա արդեն ուղղորդված է, հիմա արդեն այն «պետական պատվերն» է, որի մասին բոլորը խոսում էին, բոլորն ուզում էին, բայց չէին պատկերացնում՝ ինչպես է լինում։ Հիմա կոնկրետ գերատեսչությունն իր կոնկրետ խնդիրը ձևակերպել է, երկար քննարկել է գիտական համայնքի ներկայացուցիչների հետ, թե դա ինչպես ձևավորել, որ գիտետազոտական հայտ դառնա, ու դրա հիման վրա տենդերի նման գործընթաց է հայտարարվել»։

Հարցին, թե ձևակերպված խնդիրները գիտնականների կողմից ոչ պատշաճ լուծելու արձանագրումը կառավարությունն ինչի հիման վրա է արել, ԲԿԳԿ նախագահը պատասխանում է՝ դա դիտարկումային եզրահանգում է։

«Մեր փորձառությունը՝ աշխատելու տարբեր գերատեսչությունների, տարբեր գիտական հիմնարկների հետ, բերում է այն եզրակացության, որ հետազոտությունների արդյունքները բավականաչափ պատշաճ չեն կոմունիկացվում գերատեսչությունների հետ։ Դիցուք, որևէ գերատեսչություն ակնկալիք ուներ որևէ հետազոտությունից, որ իր մոտ ինչ֊որ մի ցուցիչ բարելավվել է, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ չի բարելավվել, և մեր հետազոտողներն այդ տվյալները կոմունիկացնելու և արժանահավատ ձևով ներկայացնելու պատշաճ մեխանիզմ չունեն»։

ԲԿԳԿ նախագահի խոսքով՝ գիտնականները երբեմն սիրում են «հարցը ծամծմել», հետևաբար՝ կարիք կա, որ նրանց մտածողության մեջ պրագմատիզմ մտնի։

«Երբ այս մի հարցն են տվել, եկեք այդ հարցը լուծենք, եթե այդ հարցից հետաքրքրություն ներկայացնող ենթահարցեր են ծագել, հետո փորձենք հասկանալ՝ դրանք գիտական արժեք ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Այսինքն՝ գործընթացներն անհարկի երկարացնելու ու նաև վերջնական պատասխան չտալու միտում կա»։

Լուծման տարբերակներ

Պետական կարիքների վերհանման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է իրականացնել «Լուծումների միտված հետազոտություններ, պետական պատվերի բավարարում» միջոցառումը։ 

«Նպատակն է մշակել հանրապետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման այնպիսի համակարգ, որը կերաշխավորի հետազոտական կարիքների արդյունավետ վերհանումը, այդ կարիքների լուծման կամ հետազոտման համար առավելագույնս համապատասխան հետազոտողի կամ հետազոտական խմբերի ընտրությունը և հետազոտության արդյունքի հետագա կիրառումը խնդիրը սահմանող գերատեսչության կողմից»,- ասվում է ծրագրում:

Միջոցառման արդյունքում Կառավարությունն, ի թիվս այլնի, ակնկալում է, որ կհղկվի պետական պատվերի ձևակերպման ընթացակարգը, ներառյալ՝ խնդրի դրվածքը, ակնկալվող վերջնարդյունքները և դրանց տնօրինման ձևաչափը։

Հետաքրքիր է, որ այս միջոցառմամբ զգալի թվով ծրագրեր են նախատեսված հիմնականում կառավարության հայտարարած գերակայությունների ուղղությամբ, մասնավորապես՝ 

  • ներդրումներ գիտության և տեխնիկայի գերակայությունների ուղղություններով,  
  • գիտության և տեխնիկայի գերակայությունների ուղղությամբ աշխատանքային խմբերի ձևավորում,
  • գերակայությունների ուղղություններով հետազոտական ծրագրեր,
  • գերակա ուղղություններին համապատասխանող և անհրաժեշտ կրթական ծրագրերի բովանդակային վերանայման ծրագիր, 
  • գիտություն-գործարարություն երկխոսություն։

Միայն վերջին երկու ծրագրերն են անմիջապես առնչվում պետական պատվերին։

«Պետական պատվերի ձևակերպում և հետազոտությունների իրականացում»․ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է․

  • Վերլուծել տարբեր պետական գերատեսչությունների կողմից հետազոտական բնույթի աշխատանքներ պատվիրելու ընթացակարգերը, դրանց ձևակերպման, կազմակերպման ու ընդունման գործընթացները։

  • Վերլուծության հիման վրա վերանայել նպատակային ձևով հետազոտությունների ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ այն լրացնել խնդիրների վերանայման և ֆինանսավորման նոր մեխանիզմներով։ Սա, ըստ ռազմավարության, կապահովի հայտարարելուց մինչև իրականացման սկիզբն ընկած ժամանակահատվածի կրճատում, ինչպես նաև հնարավորություն կստեղծի մասնավոր հետազոտական կազմակերպությունների մասնակցության համար: 

 

Հաջորդը «Արդյունավետ գերատեսչական հետազոտական կազմակերպություններ» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսվում է.

  • Իրականացնել պետական գերատեսչությունների ենթակայությամբ գործող հետազոտական կազմակերպությունների գույքագրում և վերլուծություն (այդ թվում միջազգային փորձագետների ներգրավմամբ)` դրված խնդիրների ծավալի, ներգրավված հետազոտական ներուժի, ֆինանսավորման ծավալների ու իրականացված հետազոտությունների որակի համադրությամբ։

     

  • Արդյունքում կազմել գերատեսչական հետազոտական կազմակերպությունների արդյունավետության բարձրացման զեկույց և  օպտիմալացման ճանապարհային քարտեզ, որի հիման վրա, հաշվի առնելով հանրային հատվածում հետազոտական համակարգի համախմբմանգործընթացը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի տրամաբանությունը, իրականանել նշյալ կազմակերպությունների օպտիմալացում:  


Հիշեցնենք, որ
կառավարությունը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց շրջանակում նախատեսվում է խոշորացնել գիտական կազմակերպություններն ու բուհերը, և գիտական կազմակերպություններն ինտեգրել բուհերի կազմում։ Օրենսդրական հնարավորություններ են ստեղծված նաև գերատեսչական գիտական կազմակերպություններ ունենալու համար։ «Արդյունավետ գերատեսչական հետազոտական կազմակերպություններ» ծրագիրն, այսպիսով, հենց վերջին տիպի կազմակերպությունների կոնսոլիդացմանն (համախմբմանն) է ուղղված լինելու։

Որքան էլ «Լուծումների միտված հետազոտություններ, պետական պատվերի բավարարում» միջոցառման մի զգալի հատված նվիրված է գերակայություններին, Սարգիս Հայոցյանը վստահեցնում է, որ պետական կարիքների բավարարումը միայն գերակա հայտարարված ուղղությունների համատեքստում չեն պատկերացնում: Պաշտոնյան նշում է՝ գերակայություններն ապագայի մասին են, իսկ պետական կարիքը՝ այսօրվա խնդիրների (մանրամասները կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում):

Հետազոտությունները՝ քաղաքականությունների մշակման հիմք

Պետական կարիքներին ու որոշումների կայացման հիմքում հետազոտությունները դնելուն վերաբերելի ռազմավարական հաջորդ նպատակը «Սոցիալական պատասխանատվության բարձրացում»-ն է։

Ռազմավարական ծրագրում նշվում է, որ սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից է գիտական համակարգի մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման մեջ՝ անաչառ մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով: 

Այս ռազմավարական նպատակի հիմնախնդիրների համատեքստում փաստաթղթում նշվում է հետևյալը․ «Հանրային քաղաքականությունների մշակման ժամանակ գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը, որոշ բացառություններով, չունի վստահելիության այնպիսի մակարդակ, ինչը կերաշխավորեր դրանց առաջնահերթ դիտարկումը՝ որպես պատշաճ մակարդակի մասնագիտական եզրակացությունների կամ հետազոտական հարցերի պատասխաններ տրամադրելու ընդունակ կազմակերպություններ»: 

Կառավարության դիտարկմամբ խնդիրն արմատավորված է ցածր մակարդակի և միջազգային հարթության մեջ ոչ մրցունակ հետազոտությունների քանակությամբ և այդպիսիք իրականացնելու ավանդույթներով:

«Միևնույն ժամանակ, հանրային կազմակերպությունների կողմից առաքելության գիտակցության ցածր մակարդակը հանգեցնում է նրան, որ փորձագիտական կամ մասնագիտական աշխատանքը հանրային հատվածի համար դիտարկվում է միայն որպես հավելյալ եկամուտի աղբյուր, իսկ աշխատանքն արվում է ցածր մակարդակով և առանց լրիվության պատշաճ երաշխավորման»,- ասվում է ծրագրում։

«Սոցիալական պատասխանատվության բարձրացում» ռազմավարական նպատակն ունի «Ներգրավվածություն հանրային քաղաքականությունների մշակման մեջ» միջոցառումը։

Միջոցառմամբ նախատեսվում են մի քանի գործողություններ, այդ թվում՝ 

  • «Պետական պատվերի մեխանիզմի հղկում», որի շրջանակում նախատեսվում է հարցումներ կատարել պետական գերատեսչություններում հանրային քաղաքականությունների մշակմանը ներգրավված գիտական կազմակերպությունների և բուհերի կողմից իրականացված պայմանագրային հետազոտությունների վերաբերյալ և վեր հանել համագործակցությանն առնչվող խնդիրները:

  • «Հանրային քաղաքականությունների մշակման մեջ արդյունավետ ներգրավվելու մեխանիմզներ» միջոցառման շրջանակում խոշորացված գիտական կազմակերպություններում և համալսարաններում կնշանակվեն պատասխանատուներ կամ կստեղծվեն ստորաբաժանումներ։ Նրանք կհամակարգեն հետազոտական ծրագրերը՝ ապահովելով, որ դրանք իրականացվեն բարձր որակով, լինեն հուսալի, ինչպես նաև պատշաճ կումունիկացվեն։ 

 

Սարգիս Հայոցյանը պարզաբանում է՝ սրանք կլինեն «թարգմանիչ» ստորաբաժանումներ կամ համապատասխան մասնագետների խմբեր, որոնք կկարողանան կոմունիկացնել հետազոտությունների արդյունքները։

Խնդիրը հակառակ կողմից

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Էկոկենտրոն) մեկն է հայաստանյան հետազոտական կառույցներից, որոնք ակտիվորեն մասնակցում են նպատակային ծրագրերին։ 

Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում, անդրադառնալով «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրին», կարևորում է փաստաթղթի հրապարակումը, մյուս կողմից նշում, որ դա պետք է նախորդեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունմանը։ Օրենքը, հիշեցնենք, ընդունվել է 2025-ի սեպտեմբերին։

«Պետք է ունենալ ռազմավարությունը, իմանալ ռազմավարական ուղղությունները, հետո նոր օրենքում համապատասխան փոփոխություններ անել։ Մեզ մոտ հակառակը եղավ»։

Անդրադառնալով նպատակային ծրագրերի փոփոխություններին՝ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ դա միանշանակ քայլ առաջ է։ Մյուս կողմից, Լիլիթ Սահակյանը մտահոգություն է հայտնում, որ հաշվի առնելով բազային և դրամաշնորհային ծրագրերն ու դրանց՝ միջազգային հրապարակումների պահանջները` Էկոկենտրոնում գիտական ուժերի բավականին մեծ ծանրաբեռնվածություն է առաջացել։ Նա ասում է՝ որքան էլ Էկոկենտրոնն ունի միջազգային հրապարակումներ և հեղինակություն, թեմաների բնույթից ելնելով (շրջակա միջավայր, սննդի, պարենի անվտանգություն և այլն)՝ պետք է մեծամասամբ սպասարկի պետական կարիքները։

Այս համատեքստում Լիլիթ Սահակյանին մտահոգում է նաև այն, որ բազային և դրամաշնորհային ծրագրերը «շահեկանորեն ավելի բարձր ֆինանսավորում ունեն»։ Այսպիսով՝ հարց է առաջանում, թե արդյոք նպատակային ծրագրերի ֆինանսավորումը բավարար է գերատեսչությունների առաջարկած խնդիրները լուծելու համար։

«Երբեմն պատկան մարմինների կողմից գեներացվում են երկար տարիների մեծ ներդրում և բավականին լայն խմբերի ներգրավվածություն պահանջող խնդիրներ։ Կան նաև «թեթև» խնդիրներ»։

Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ հետազոտական այլ ծրագրերը, որոնք ունեն մեծ զբաղվածություն ու կոնկրետ պահանջներ, շատ հաճախ պետական կարիքների համար հետազոտություններ իրականացնելու մոտիվացիան նվազեցնում են։ Նա նշում է՝ կան, իհարկե, գիտնականներ, որոնք ցանկանում են կոմունիկացնել իրենց հետազոտությունների արդյունքները, մյուս կողմից՝ կան գիտնականներ, որոնք իրենց նեղ գիտական հետաքրքրություններն ունեն, մինչդեռ գերատեսչություններից շատ հաճախ ակնկալիք կա, որ գիտնականները պիտի ունենան իրենց բոլոր հարցերի պատասխանները։

«Եթե դու գիտնական ես, ապրիորի պիտի «հատուկ դարակ» ունենաս, և որ նախարարությունից ով ինչ հարցով զանգում է, դարակը բացես, պատասխանես։ Երբ որ ասում ես՝ մենք այդ տիպի հետազոտություններ չունենք, չենք կարող ձեզ էքսպերտային կամ գիտական գնահատական տալ, «նեղանում» են»։

Մյուս կողմից՝ տնօրենը խոսում է մեկ այլ խնդրի մասին. գերատեսչությունների կողմից հետադարձ կապը։ Նրա խոսքով, չկա այն օղակը, որ կապահովի գիտնականների ու գերատեսչությունների կապը։ Լիլիթ Սահակյանը հիշում է, որ  ունեցել են և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ նպատակային ծրագրեր, և արդյունավետությունը շատ հաճախ կախված է եղել նրանից, թե որքանով է պատկան մարմինը «տեր կանգնել» հետազոտության արդյունքներին։ Նրա խոսքով համագործակցության լավագույն փորձն ունեն Էկոնոմիկայի նախարարության հետ։

Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակում իրազեկման մի քանի սեմինարներ են իրականացրել, որոնց ոչ միայն Էկոնոմիկայի, այլ Առողջապահության նախարարությունից են մասնակցել։ Լիլիթ Սահակյանը հույս ունի, որ իրենց հաշվետվության տվյալները նախարարությունը կօգտագործի։

Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը հիշում է, որ իրենք մի ծրագիր էին իրականացրել՝ բնահեն լուծումների վերաբերյալ, որի արդյունքները ներկայացրել են Երևանի բնապահպանության վարչությանը, դրական արձագանք ստացել։ Սակայն ամեն անգամ, երբ վարչության պետը փոխվել է, ստիպված են եղել նորից կոմունիկացնել հետազոտության արդյունքները, և ի վերջո դադարեցրել են նորից արդյունքներ ներկայացնել։ 

«Հայաստանում ամեն ինչ անձերի միջև է, ոչ թե համակարգերի։ Աշխարհում էլ է այդպես․ անձերն են իրար հետ համագործակցում, բայց համակարգը ընդհանուր խաղի կանոններ է ասում։ ․․․․ Քանի որ մենք ինստիտուցիոնալ հիշողություն էլ չունենք, և կապերը անհատական են, եթե մի պաշտոնյա հեռանում է, տվյալ աշխատանքը փոխարինողի հետ չի լինում կառուցել»։

Էկոկենտրոնի տնօրենը կարևորում է, որ լինի համակարգ, որտեղ գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը, որոշում կայացնողները և հանրությունը մի ուղու վրա կլինեն։ Մինչդեռ, Հայաստանում, նրա խոսքով, այդ կապը չկա։

«Մենք կարող ենք բազմաթիվ՝ պետության պահանջարկի վրա հիմնված, նպատակային ծրագրեր ունենալ, փոխել այս կամ այն նյուանսը, թեկուզ շատ գումար հատկացնենք, բայց երբ որ այդ համակարգը չկա, և, բացի դրանից, դու չունես մրցունակ հասարակություն, որն, օրինակ, սրտատրոփ սպասում է գիտական նորարարություններին․․․ Քանի որ այդ 4 օղակների կապը խզված է, մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք»։

Հարցին, թե արդյո՞ք Էկոկենտրոնի հետազոտությունների արդյունքները դրվում են որոշումների կայացման կամ քաղաքականությունների մշակման հիմքում, տնօրենը պատասխանում է՝ Էպիզոտիկ։

«Գուցե տեղ կա աշխատելու, որ ավելի արդյունավետ լինի, որովհետև մեր լեզուն այլ է, պատկան մարմինների լեզուն՝ այլ»։

Ռազմավարական ծրագրի վերաբերյալ մտահոգություններ

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում, խոսելով ռազմավարական ծրագրի հրապարակումից, նշում է՝ ծրագրի ամենակարևոր կետերից մեկը պետբյուջեից ոլորտի ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0․75%-ի հասցնելու հանձնառությունն է։

«Հայաստանում նման բան չէր եղել, որ որևէ թիվ է արձանագրվել ինչ֊որ փաստաթղթում, էլ չեմ խոսում, որ 3 անգամ մեծ թիվ է արձանագրվել, քան այս պահի ֆինանսավորումն է»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամի խոսքով՝ ռազմավարական ծրագրի մյուս դրական կողմն այն է, որ ակադեմիական գիտության մասով գրված է մանրամասն ու ամբիցիոզ ծրագիր։ Մյուս կողմից՝ նա լուրջ թերություն է համարում այն, որ «ծրագիրը Հայաստանի կարիքների հետ հստակ կապ չունի»։ 

«Համեմատենք, թե ինչքան մանրամասն են գրված ակադեմիական գիտության թիրախները, ծրագիրը, և ինչքան թույլ է գրված [կարիքների հատվածը]։ Ընդհանրապես մանրամասն չէ․ շատ խոշոր կտորներով, կարծես հաճախ ախտորոշումը գրված է՝ ինչ խնդիր ունենք, բայց գրված չէ որևէ բան, թե դրան ինչպես պիտի մոտենանք»։

Նշենք, որ ռազմավարական ծրագրում ակադեմիական գիտության հատվածում վերլուծված են Հայաստանի միջազգային տպագրությունների որակական և քանակական ցուցանիշները, միջազգային համագործակցությունները, գիտնականների թիվը, սեռատարիքային կազմը և այլ տվյալներ։ Այդ տվյալներին ու թիրախներին կարող եք ծանոթանալ փաստաթղթի՝ «Առկա իրավիճակը» և «Հետազոտությունների գերազանցության խթանում» գլուխներում։ Իսկ կառավարության՝ պետական կարիքի վերաբերյալ ձևակերպումներն ու թիրախներն արդեն ներկայացրել ենք այս հոդվածի նախորդ հատվածներում։

Անդրադառնալով նպատակային ծրագրերի տրամաբանության փոփոխությանը՝ Տիգրան Շահվերդյանը նշում է՝ դա դրական, բայց ոչ բավարար քայլ է։ Նրա խոսքով՝ ծրագիրը ենթադրում է, որ մի լիազոր մարմինը (նկատի ունի ԲԿԳԿ-ն) դիմում է մեկ այլ գերատեսչության՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ ունի տվյալ գերատեսչությունը։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը հարց է տալիս՝ մյուս լիազոր մարմինը համակարգային պատասխան տալու ի՞նչ պարտավորություն ունի։

«Գիտուժն» ապրիլին ռազմավարական ծրագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ թեև ծրագրում կառավարության ֆինանսական հանձնառությունն աննախադեպ է, բացակայում է դրա նպատակային ուղղորդման մեխանիզմը: 

Նախաձեռնության ակնկալիքն է, որ կառավարությունը մշակի և ընդունի ամբողջական ՀևՄ ռազմավարական ծրագիր կամ իրար փոխլրացնող ծրագրեր։

Լուծման ևս մեկ առաջարկ

Անցած տարվա վերջին «Գիտուժ» նախաձեռնության անդամները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Համաձայն նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ հանդիպման առանցքում Հայաստանի կարիքներից բխող ՀևՄ-ի թեման էր։

«Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մեկնարկ տալու ՀևՄ պետական պատվերը համակարգող հատուկ մեխանիզմի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, վարչապետը նշանակել է կառավարության կողմից պատասխանատու և հանձնարարել է իրականացնել հետազոտություն՝ Հայաստանի համար ՀևՄ պետական պատվերի առավել արդյունավետ մոդելն ու դրա ներդրման գործնական քայլերը սահմանելու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ։

Տիգրան Շահվերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ իրենք վարչապետի հետ հանդիպում էին խնդրել՝ ներկայացնելու թեմայի շուրջ համակարգային խնդիրներն ու ինստիտուցիոնալ բացերը։

«Ամենակարևոր բացը նա էր, որ հատկապես անվտանգային թեմաներով (լայն իմաստով՝ ոչ միայն ռազմական, այլ նաև առողջապահական և այլ խնդիրներ) Հայաստանում չկա պատասխանատու մարմին, որը պետք է ՀևՄ ֆինանսավորի՝ կախված Հայաստանի հստակ կարիքներից»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամի խոսքով՝ հանդիպման ընթացքում ներկաները համաձայնել են, որ խնդիրն առկա է, և վարչապետն առաջարկել է կառավարության ֆինանսավորմամբ հետազոտություն իրականացնել, թե Հայաստանում ինչ մոդելով է ճիշտ ներդնել  կարիքներից բխող ՀևՄ ֆինանսավորելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։ 

«Պատասխանատուն նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը։ Հիմա մենք ակտիվ աշխատում ենք, որովհետև վարչապետը հանձնարարել է տեխնիկական առաջադրանք գրել ու բերել ֆինանսավորման»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամը դրական է գնահատում այս հետազոտության շուրջ համաձայնությունը, մյուս կողմից՝ զարմանալի է համարում, որ ռազմավարական ծրագիրը հրապարակվել է իրենց հանդիպումից մոտ երկուսուկես ամիս անց, սակայն այնտեղ հետազոտության մասին չի հիշատակվում։

«Ռազմավարական ծրագրում ընդունում են, որ կարիքներից բխող պետական պատվերի մասով խնդիրներ կան, ասում են՝ համակարգը թերզարգացած է (մենք մի քիչ ավելի լուրջ կասեինք՝ փաստացի գրեթե գոյություն չունի` որոշ բացառություններով)։ Այս հետազոտությունը, որ մենք քննարկել էինք կառավարության հետ, պետք է վերջում ստանար, թե ինչ մոդել պետք է Հայաստանում ներդրվի։ Լավ է, որ համաձայնության ենք եկել, որ այս հետազոտությունը պետք է իրականացվի ու ընթացքի մեջ է, բայց տարօրինակ է և մտահոգիչ, որ ռազմավարական ծրագրում նույնիսկ մի նշում չկա»։

Անդրադառնալով այս հետազոտությանը՝ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը նշում է՝ ինքը նախընտրում է ունենալ հստակ ձևակերպված խնդիր, որն էլ կբերի հստակ լուծման։ Մինչդեռ, այս դեպքում, պաշտոնյայի դիտարկմամբ, հարցն այնքան էլ հստակ չէ ձևակերպված։

«Կարիքի ձևակերպումն էլ է պետք հասկանալ՝ ինչի՞ անունը կդնենք կարիք։ Դրա նախապայմանն այն է, որ բոլորը գիտեն՝ ինչ են ուզում, և այ մենք մեխանիզմ չունենք դա սպասարկելու։ Այսինքն՝ այստեղ պետք է ընդունել, թե այդ կարիքը ինչպես պիտի ձևակերպվի, ես՝ որպես պետական գերատեսչություն, ինչպես եմ հասկանում՝ իմ կարիքը գիտությու՞ն է, թե՞ չէ, հետո՝ այդ կարիքը ինչ խողովակով եմ բարձրաձայնում։ Բայց, այո՛, որոշ չափով ընկալում կա, առաջ ենք շարժվում»։

Հետազոտությունն այժմ տեխնիկական առաջադրանքի կազմման փուլում է։ Տիգրան Շահվերդյանը հույս է հայտնում, որ այն կավարտեն մինչև տարվա վերջ։

Ռազմավարական ծրագրի ռիսկերը

Ռազմավարական ծրագրում շեշտվում է, որ նախատեսված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է նախանշված միջոցառումների ամբողջական իրականացում` ներառյալ պատշաճ բյուջետավորումն ու ֆինանսավորումը:  

Որպես ծրագրի իրականացման ռիսկ՝ նշվում են քաղաքական օրակարգի փոփոխությունը և քաղաքականությունների ցածր հետևողականությունը: 

«Անհրաժեշտ է ապահովել հետևողական և բարձր մակարդակում ռազմավարության աջակցությունը, որպեսզի ջանքերը արմատավորվեն, և ապահովվի բարեփոխումների կայունությունը: Քաղաքական կամքի ցանկացած թուլացում կամ շեղում կարող է բերել ֆինանսավորման վերաբաշխման դեպի այլ՝ ավելի հանրահաճո կամ առաջնահերթ ուղղություններ` այդպիսով թողնելով Ծրագիրը առանց իրականացման ռեսուրսի»,- ասվում է ծրագրում։

Այս ռիկսի կառավարման համար ռազմավարությամբ անհրաժեշտ է համարվում բոլոր հիմնաքարային ընթացակարգերը ներդնել իրավական փաստաթղթերում` ապահովելու դրանց պետական/ինստիտուցիոնալ տեսակը և երկարակեցությունը, ինչպես նաև ներկայացնել կատարողականի թափանցիկ ու հանրային զեկույցներ։

Կարևոր է, սակայն, արձանագրել, որ 2026-ին, 2025-ի համեմատ, գիտության ոլորտի հատկացումները նվազել են 14%-ով։ Մյուս կողմից բյուջեի լրացուցիչ հավելված է ընդունվել, որտեղ նշված է,որ գիտական հավելյալ ծրագրեր կֆինանսավորվեն, եթե բյուջեում բավարար միջոցներ լինեն։ Սակայն պարզ չէ՝ այդ լրացուցիչ ֆինանսավորումը կլինի՞, թե՞ ոչ (թեմայի մասին մանրամասն կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում)։ 

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը սա կառավարելի ռիսկ է համարում։ Նրա խոսքով՝ այս տարի Ֆինանսների նախարարության կողմից բյուջետավորման նոր մոտեցում է որդեգրվել, և սա կարելի է համարել փորձնական բյուջետավորման տարի, երբ ընդունվել է լրացուցիչ հավելված՝ այնտեղ նշելով հնարավոր հավելյալ 7 մլրդ դրամի մասին։ Իսկ արդյո՞ք դա կհատկացվի, եթե նշված է «միջոցների առկայության դեպքում» ձևակերպումը։

«Ձևակերպումների իմաստով դա նորմալ է։ Ինչի՞ համար է այդպես արվել։ Բերվել է հետևյալ փաստարկը․ մենք (նկատի ունի Ֆինանսների նախարարությունը,- խմբ․) հատկացնում ենք որոշակի բյուջե, կատարողականը ցածր է լինում (նկատի ունի հետազոտություններին հատկացված բյուջեի կատարողականը,- խմբ․), հետևաբար կատարողականի չափով հաստատենք, եթե հանկարծ կհասնեք առաստաղին ու կուզենաք վերև գնալ, հայտարարեք՝ որ ծրագրերն են առաջնահերթ, և կնախատեսենք 6-րդ հավելվածով։ Դիցուք, 7 գերատեսչություններ գալիս են, ասում են՝ մեզ այսինչ առաջնահերթությունների համար ֆինանսավորում տրամադրեք, և համապատասխան քննարկումների արդյունքում կառավարությունը որոշում է։ Սա մոտեցում է, տեսականորեն իմաստ չունի վիճել դրա դեմ։ Նույն կերպ այդ 7 միլիարդ դրամը կարող էր լինել բյուջեում, և տարվա կեսից հետ վերցվեր»։

Ռազմավարական ծրագրի ռիկսերի հատվածում մեկ այլ խնդիր է համարվում միջգերատեսչական պատշաճ համակարգման ձախողումը:

«ՀՀ գիտատեխնոլոգիական ոլորտը պատմականորեն եղել է մասնատված ինչպես ենթակառուցվածքների իմաստով, այնպես էլ պատկանելությունների և ենթակայությունների և հաշվետվողականության իմաստով՝ հանգեցնելով որոշակի անտագոնիզմի պետական գերատեսչությունների և գիտական համակարգի միջև: Այս իմաստով նախարարությունների, գերատեսչությունների, կոմիտեի և ինստիտուտների միջև ջանքերի վատ համակարգումը և կառավարման անհստակությունը կարող է հանգեցնել ջանքերի կրկնարկման կամ կարևոր նախաձեռնությունների ուծացման, կամ խոշոր պատկերի կորսման և ջանքերի ֆրագմենտացման և անհամաչափության՝ հանգեցնելով գիտատեխնոլոգիական համակարգի՝ որպես մեկ ամբողջություն զարգացման դանդաղեցման»,- ասվում է ծրագրում

Այս ռիկսը կառավարելու նպատակով ծրագրում ամրագրվում է, որ ռազմավարության իրականացման համար պատասխանատու կազմակերպություն է սահմանվում ԲԿԳԿ-ն, որն էլ ստանձնելու է միջգերատեսչական աշխատանքների համակարգման գործառույթը: 

Սակայն արդյո՞ք կարիք չկա ամեն նախարարության ներսում կամ վերգերատեսչական որևէ կառույց ստեղծելու, որը կհամակարգի գործընթացը։ Պատասխանելով այս հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշում է՝ դա կախված է երկրի չափերից։

«Հարցն այն է, որ մենք մեզ չերևակայենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա կամ Ֆրանսիա, այլ երևակայենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ շատ քիչ մարդկային ռեսուրս կա, և իրականում խոսում ենք շատ ավելի հեշտ կառավարվող բաների մասին։ Մեր խնդիրներն ու անտագոնիզմը ծագում են նրանից, երբ մենք սկսում ենք մեծ պետության կառուցակարգեր մտցնել մեր մեջ․ մի «գիտության վարչություն» այստեղ ենք ստեղծում, մեկ ուրիշն՝ այնտեղ»։

Իսկ հարցին, թե արդյոք ԲԿԳԿ-ն ունի՞ ինստիտուցիոնալ մեխանիզմներ այդ ամենը համակարգելու, պատասխանում է՝ որքան էլ գնալով դժվար է դառնում, ունի։

«Կարողությունների զարգացման մի մեծ բաժին էլ մեզ է հասնում։ Ռազմավարության մեջ, տեսնում եք, մի մեծ բլոկ էլ պետական պատշաճ քաղաքականություն իրականացնելու մասին է, և դրա մոտ 90-95 %-ը մեզ է վերաբերում։ ․․․․ [Կհամակարգենք] առնվազն այնքան ժամանակ, մինչև օբյեկտիվ իրականությունը ցույց կտա, որ դա հնարավոր չէ անել։ Քանի դեռ ստացվում է, փորձում ենք անել»։

***

Այսպիսով՝ պետական պատվերի մեխանիզմների ուղղությամբ կառավարությունն իրականացրել է որոշ քայլեր և նոր փոփոխություններ իրականացնելու հանձնառություն վերցրել։ Մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ու համակարգի գործարկման շուրջդեռևս մտահոգություններ են հնչում գիտական համայնքից ու շահագրգիռ կողմերից։ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը ցույց կտա, թե որքանով են կառավարության նախատեսած ծրագրերը լուծում տալիս խնդրին։