Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
«Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»,- ասել է բանաձևի հեղինակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Առաջիկայում բանաձևը պետք է կներկայացվի Քնեսեթի լիագումար նիստում՝ վավերացման նպատակով։
Ավելի վաղը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր, որ կողմ է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
Սաարը, բանաձևի մասին հայտարարելով հնգշաբթի ուշ երեկոյան X-ում կատարված հրապարակմամբ, նշել է, որ առաջարկվող բանաձևն այնուհետև կներկայացվի Քնեսեթի (խորհրդարանի) քվեարկությանը։
«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտք է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- հայտարարել է Սաարը։