factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական «Ռոսիա»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում բենզինի պակասին, առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը, Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարներին, ինչպես նաև Անքորիջի գագաթնաժողովի արդյունքներին ու Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է հարցազրույցին՝ նշելով, որ Պուտինի որոշ դիտողություններ հակասում են ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։
Պուտինը խոստովանել է՝ Ռուսաստանում ներկայում վառելիքի որոշակի դեֆիցիտ կա, բայց իրավիճակը, ըստ նրա «կրիտիկական չէ»։ Նա դա կապել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ՝ նշելով, որ Ուկրաինայի հարվածներն «ակնհայտորեն խնդիրներ են ստեղծում», և որ «վնաս կա»։
Բանակցությունների մասին
Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտի վրա հարձակումները ոչ միայն վառելիքի ճգնաժամ առաջացնելու նպատակ են հետապնդում, այլև «Ռուսաստանին ստիպելու կասեցնել, գոնե կարճ ժամանակով, զորքերի առաջխաղացումը և պայմաններ ստեղծելու հակառակորդի համար բարենպաստ պայմաններով բանակցություններ սկսելու համար»։ Նրա պնդմամբ՝ երկրի խորքում հարվածները որևէ ազդեցություն չունեն ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա։
Հունիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ սահմանից հեռու գտնվող ռուսական տարածքների վրա ուկրաինական հարձակումների ակտիվացումը պետք է խթանի խաղաղ բանակցությունները։
Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան որևէ նոր առաջարկ է ստացել ուկրաինական կողմից, Պուտինը պատասխանել է․ «Կան կապեր, և դրանք հաստատվել են մի քանի ուղղություններով, մի քանի գծերով։ Կան նաև նոր առաջարկներ»։
Անքորիջի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովն օրերս քննադատել են ԱՄՆ վարչակազմին Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսված դիվանագիտական շփումները դեռևս առաջընթացի չեն հանգեցրել։ Ուշակովը, անդրադառնալով 2025 թվականին Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը, ասել է, որ Ռուսաստանն այլևս չի սպասում Անքորիջի «համաձայնությունների» կատարմանը, այլ հույսը դնում է պատերազմում հաղթանակի վրա։
Հետագայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Անքորիջում որևէ համաձայնության չեն եկել, պարզապես քննարկել են ամերիկյան առաջարկը:
Հարցազրույցում Պուտինը հաստատել է դա․ «Ոչ ոք որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ, և քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ ներկայացրել էր»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում