78 բացակայություն 83 նիստից. համայնքային ավագանիների բացակայության պատկերը

2024 թվականին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների չորս անդամ զրկվեց մանդատից։ Նրանց լիազորությունները վաղաժամ դադարեցնելու նախագիծ էր ներկայացրել ավագանու իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Որպես որոշման հիմնավորում՝ ներկայացվել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա մեկ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու կամ հանձնաժողովների նիստերի ու քվեարկությունների ավելի քան կեսից։

Ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ օրենքով սահմանված շեմը գերազանցած ավագանու այլ անդամներ ևս կային, որոնց նկատմամբ, սակայն, նման նախաձեռնություններ չէին ներկայացվել։ Այդ հանգամանքը քննարկման առարկա է դարձնում ոչ միայն բացակայությունների խնդիրը, այլև օրենքի կիրառման ընտրովի և հայեցողական բնույթը։

Նիստերից բացակայությունների և դրանց համար պատասխանատվության կիրառման խնդիրը, սակայն, միայն մայրաքաղաքին բնորոշ չէ։ Աշխատանքային պարտականությունների թերացման և նիստերին չմասնակցելու դեպքերը տարածված են նաև հանրապետության տարբեր համայնքներում, որտեղ ավագանու բազմաթիվ անդամներ պարբերաբար բացակայում են նիստերից, սակայն շարունակում են պահպանել իրենց մանդատները։

Մարզային համայնքների դեպքում նույնպես թույլատրելիից ավելի բացակայություններին կարող է հետևել լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Ըստ գործող օրենսդրության՝ մեկ տարվա ընթացքում քվեարկությունների կամ նիստերի կեսից անհարգելի բացակայելու դեպքում ավագանու անդամը զրկվում է մանդատից։ Կարող է, բայց պարտադիր պահանջ չէ և՛ Երևանի, և՛ համայնքային ավագանու աշխատանքը կարգավորող օրենքներով։

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Հայաստանի համայնքներում ավագանու անդամների  մասնակցությունը՝ սկսած համայնքի գործող ավագանու գումարման ժամկետից մինչև 2026 թվականի մարտ՝ առանձնացնելով, թե ովքեր են առավել հաճախ բացակայում նիստերից, որ խմբակցություններից են նրանք և որ համայնքները ունեն ավագանու մասնակցության ցածր ցուցանիշ։ 

Ովքեր են բացակայում, որտեղ է հաճախակի և ինչպես ենք վերլուծել

Հայաստանում կա 69 մարզային համայնք։ Մեր ուսումնասիրության շրջանակից դուրս ենք թողել՝ 

  • ազգային փոքրամասնությունների համայնքները, որտեղ ՏԻՄ ձևավորման և գործունեության սկզբունքներն ունեն որոշակի առանձնահատկություններ,
  • Վանաձոր համայնքը, որտեղ մեր դիտարկած ժամանակահատվածում ավագանու նիստեր չեն գումարվել (կայացել են միայն արտահերթ նիստեր),
  • մանդատը վայր դրած ավագանու անդամներին, որպեսզի նրանց վերաբերյալ նախկին տվյալները չազդեն գործող կազմի ընդհանուր պատկերի վրա:

    Արդյունքում վերջնական վերլուծության մեջ ներառվել են 59 համայնք և ավագանու 1260 գործող անդամ։ Տվյալները հավաքել և մշակել ենք 2026 թվականի մարտի 23-30-ն ընկած ժամանակահատվածում։

    Յուրաքանչյուր համայնքապետարանի պաշտոնական կայքից դուրս ենք բերել ավագանու անդամի անունը, խմբակցությունը, քվեարկությունների պատկերը (կողմ, դեմ, ձեռնպահ), բացակայությունները և առկայության դեպքում լիազորությունների դադարեցման ժամկետները։ Եթե որևէ համայնքի կայքում տվյալները եղել են թերի կամ բացակայել են, հիմք ենք ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։ 

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միևնույն համայնքում ավագանու անդամների պաշտոնավարման ժամկետները կարող են էապես տարբերվել, քանի որ նրանք կարող են մանդատը ստանալ ավելի ուշ կամ վայր դնել գումարման ավարտից առաջ, ցուցանիշների առավելագույն ճշգրտությունն ապահովելու համար մենք կիրառել ենք հարաբերական հաշվարկի բանաձևը։ Անհատապես հաշվել ենք, թե ավագանու յուրաքանչյուր անդամ, իր պաշտոնավարման կոնկրետ ժամանակահատվածից ելնելով, քանի նիստի էր պարտավոր մասնակցել։ Այդ նիստերի թվի և դրանցից փաստացի բացակայությունների հարաբերակցությամբ էլ հստակ առանձնացրել ենք այն անձանց, որոնք բացակայել են իրենց նիստերի ավելի քան 50 տոկոսից և, ըստ օրենքի, հայտնվել են մանդատը կորցնելու ռիսկային գոտում: 

    Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ բացակայության ամենամեծ՝ 100 տոկոս գործակիցն ունեն Անի համայնքի 7, Վայք համայնքի 3, Սիսիան համայնքի 3, Սևան, Վարդենիս, Արենի և Տաշիր համայնքների 1-ական ավագանու անդամներ։ 

Մեր դիտարկած համայնքներում ավագանու կազմում ներկայացված է 53 խմբակցություն՝ ձևավորված կուսակցությունների և դաշինքների կողմից։ 

Գումարել ենք բոլոր համայնքների ավագանու կազմում յուրաքանչյուր կուսակցության բոլոր ներկայացուցիչների մասնակցության անհատական ցուցանիշները, ապա բաժանել տվյալ համայնքի ավագանիում նրանց ընդհանուր քանակի վրա։ Սա թույլ է տվել ստանալ կուսակցության «կարգապահության» միջին ցուցանիշը։

Եթե ավագանու անդամը ընտրություններին մասնակցել է  կուսակցությունների դաշինքի ցուցակով, ապա նրա մասնակցության կամ բացակայության ցուցանիշը հավասարապես ներառվել է տվյալ դաշինքը կազմած բոլոր կուսակցությունների վիճակագրական հաշվարկներում։ 

Ավագանու անդամների բացակայությունների միջին ամենաբարձր ցուցանիշներն ունեն Մեծամոր (46%), Վայք (44%) և Անի (40%) համայքները։

Համայնքային բոլոր ավագանու կազմերի մեջ խմբակցությունների բացակայության ամենաբարձր ցուցանիշն ունեն «Հայկական երազանք» և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունները՝ համապատասխանաբար 71 և 61 տոկոս։ 48% մասնակցության ցուցանիշ ունեն 2 կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» և «Օրենք և արդարությունը»։ 47.7 տոկոս ցուցանիշ ունի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

Նույն տրամաբանությամբ հաշվել ենք յուրաքանչյուր համայնքի ավագանու ընդհանուր կազմի ակտիվությունը մասնակցության տեսանկյունից և դասակարգել ըստ մարզերի։ 

Դիտարկել ենք նաև համայնքապետների մասնակցության ցուցանիշները։ Եթե համայնքապետը փոխարինել է ՏԻՄ ընտրությունից հետո ընտրված համայնքի ղեկավարին, այսինքն՝ պաշտոնը ստանձնել է ավելի ուշ, մենք հիմք ենք ընդունել միայն որպես ղեկավար բացակայությունները՝ հաշվարկում չներառելով որպես ավագանու անդամ ունեցած մասնակցության ցուցանիշը։ 

Այսպիսով, բացակայությունների դեպքում սահմանված իրավական պատասխանատվությունը ոչ թե պարտադիր պահանջ է, այլ ավագանու անդամների հայեցողական որոշման և քաղաքական կամքի դրսևորման արդյունք։ Ուստի ստեղծվում է մի իրավիճակ, երբ ավագանու նիստերից պարբերաբար բացակայած անդամը կարող է հանգիստ պահպանել իր մանդատը։ Բանն այն է, որ ավագանու՝ որոշում կայացնող մեծամասնությունը հարցը առաջ քաշելիս և քննելիս կարող է առաջնորդվել ոչ թե կամ ոչ միայն իրավական ակտերի սահմանած նորմերով, այլ նաև քաղաքական նպատակահարմարությամբ և հայեցողությամբ։ 

Նշենք նաև, որ բացակայությունների համար պատասխանատվությունը նախատեսվում է դրանց անհարգելի լինելու պարագայում։ Մեր ձեռքի տակ առկա չեն տվյալներ այն մասին, թե կոնկրետ որ բացակայությունների դեպքում են ավագանու անդամները ներկայացրել բացակայության հարգելի լինելը հավաստող փաստաթղթեր։ Հետևաբար, այս ուսումնասիրությունը վերաբերում է միայն արձանագրված բացակայությունների թվին, այլ ոչ թե դրանց հիմնավորվածությանը։ 

Հաջորդիվ կանդրադառնանք բացակայությունների միջին ամենաբարձր ցուցանիշներն ունեցող համայնքներին։ 

Թողնել մեկնաբանություն