azatutyun.am Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Երեք մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են, հայտնել է Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանդը։
«Նման դեպք Մոնակոյում երբևէ չի գրանցվել», – BFM TV-ին ասել է Միրմանդը։
Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։
Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները մեկնել են դեպքի վայր՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու։ Ոստիկանական համատեղ գործողություն է իրականացվում կասկածյալին հայտնաբերելու համար, հայտնել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից։
Պայթյունն արձանագրվել է ժամը 21:00-ի սահմաններում՝ Մոնակոյի կենտրոնում։
Ֆրանսիական Le Figaro թերթի տեղեկություններով՝ տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ պայթյունից քիչ առաջ բնակելի շենքի մուտքի մոտ պայուսակ թողնում։
Տեղական մամուլը գրում է, որ վիրավորները, ըստ ամենայնի, ուկրաինացի ընտանիքի անդամներ են՝ երկու մեծահասակ և 13-ամյա դեռահաս։ AFP-ն ու ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։