azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Քերմանշահում նախօրեին զինված անձանց կողմից հարձակման հետևանքով իր երկու անդամ է սպանվել, երկուսը վիրավորվել են։
Պետական «Մեհր» լրատվական գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Փավե շրջանում՝ ԻՀՊԿ երկու անդամների՝ Բորհան Քրիսանիի և Խալեդ Խալեդիի տների մոտ։ Որպես սպանության հեղինակներ նշվում են «զինված ահաբեկիչները»։
Իրավապաշտպան Hengaw կազմակերպության տեղեկություններով՝ հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել նորաստեղծ «Խորի Հիվա»՝ Հույսի արև խմբավորումը։
Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին մոտ Քերմանշահ նահանգը, հիմնականում էթնիկ քրդերով է բնակեցված։ Այն տարիներ շարունակ իրանական անվտանգային ուժերի և քրդական ընդդիմադիր խմբավորումների բախման կետ է եղել։