385bbb57-afc5-4d97-b7bd-84edb50640ae_cx0_cy10_cw0_w1023_r1

Կատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպի | azatutyun.am

azatutyun.am Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ», հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Պետական հեռուստատեսությանը նախօրեին տված հարցազրույցում Ղալիբաֆը հայտնել է, որ Թեհրանը չի ներգրավվի հետագա բանակցություններում, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։

Վերջին օրերին իրանցի պաշտոնյաները հորդորում են ապասառեցնել արտերկրում արգելափակված միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները, ինչպես նաև դադարեցնել Լիբանանին հասցվող իսրայելական հարվածները։ Երկուսն էլ շրջանակային համաձայնագրի առանցքային դրույթներից են։

Թեհրանը հայտարարել է, որ իրանական տեխնիկական բանակցությունների պատվիրակությունը կայցելի Կատար, սակայն չի հանդիպի ամերիկյան պատվիրակությանը, որը երեկ էր ժամանել այդ երկիր։

Ամերիկացի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը նախօրեին Կատարում հանդիպել են երկրի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիին՝ քննարկելով Թեհրանի հետ տեխնիկական բանակցությունները։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Պաշտոնյան հավելել է, որ կողմերի տեխնիկական պատվիրակությունները շարունակում են շփումները թե՛ Դոհայում, թե՛ այլուր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն