IMEI համակարգի մասին Կառավարության պարզաբանումները չեն հստակեցնում անորոշությունները


Հունիսի 25-ին Կառավարությունը հավանություն էր տվել բջջային հեռախոսի միջազգային նույնականացուցիչ (IMEI) կոդերի միասնական համակարգի ստեղծման նախագծին։ Այսօր Կառավարությունը պարզաբանում է տարածել օրինագծի առաջացրած մտահոգությունների մասին` պատասխանելով անձնական տվյալների, միջազգային փորձի, պետական և մասնավոր ընկերությունների լիազորությունների հետ կապված հարցերին։ Պարզաբանման որոշ կետեր, սակայն, ամբողջությամբ չեն հստակեցնում նախագիծը։

Նախագծի առնչությամբ առկա է մտահոգություն, որ անձնական տվյալները կցվելու են IMEI կոդերին։ Ըստ կառավարության պարզաբանման՝ շտեմարանի ձևավորման համար անձնական որևէ տվյալ չի հավաքվելու, և դրանում բացառապես ներառվելու են IMEI 15-նիշանոց կոդերը։ Օրենսդրական նախագիծը, սակայն, հետևյալ կերպ է սահմանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) շտեմարանը․ տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տվյալներ բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI), դրանց օգտագործողների, շահագործվող SIM/eSIM համարների և բջջային հեռախոսների օրինական շրջանառության վերաբերյալ։

Նկարը՝ Կառավարության էջից․ ընդգծումը՝ «Ինֆոքոմի»

Ստացվում է, որ համակարգը, այնուամենայնիվ, պարունակում է տեղեկություն IMEI կոդերը օգտագործողների մասին։ Փաստացի, այս պարզաբանմամբ չի հստակեցվում, թե ինչ մեխանիզմով է իրականացվելու կապը բաժանորդի և հեռախոսի միջև՝ առանց անձնական տվյալների մշակման։

Բացի դրանից՝ առաջարկվող կարգավորումը սահմանում է, որ նոր (2027 թ․-ի հուլիսի 1-ից) հեռախոս ձեռք բերող անհատը բաց ինտերնետային հասանելիությամբ կգրանցի բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց եղանակով, սակայն չկան մանրամասներ այն մասին, թե ինչպես է անհատը մուտք գործելու այդ հարթակ, արդյոք նույնականացում անցնելու կարիք չի՞ լինելու։ 

Նախագծի վերաբերյալ տեսակետներ հայտնած փորձագետները նաև մատնանշել էին ադմինիստրատորի կողմից թվային այլ ծառայություններ մատուցելու հնարավորությունը։ Եզրույթը նախագծում չէր մանրամասնվում, սակայն Կառավարությունը պարզաբանում է, որ «ցանկացած ծառայություն միտված է լինելու միայն շտեմարանի աշխատանքների կարգավորմանը»։ Թե ինչպես, դարձյալ հստակեցված չէ։

Նկարը՝ Կառավարության էջից․ ընդգծումը՝ «Ինֆոքոմի»

Գլխավոր մտահոգություններից մեկն էր նաև միջազգային փորձը։ Այն երկրները, որոնք պարտադիր պահանջում են IMEI գրանցում կամ ունեն նմանատիպ համակարգ, ըստ Freedom House-ի զեկույցների, հիմնականում ոչ ազատ կամ մասամբ ազատ երկրներ են (օրինակ՝ Ղազախստանը, Բանգլադեշը, Ինդոնեզիան)։

Կառավարությունը պարզաբանում է, որ թեև Եվրամիության (ԵՄ) երկրները նման միասնական համակարգ չունեն, սակայն պայքարում են հեռախոսների գողության դեպքերի դեմ IMEI կոդերի օգնությամբ։ Օրինակ՝ եթե ԵՄ որևէ երկրում արգելափակվի IMEI կոդը, այն կարգելափակվի նաև մյուս երկրներում, և որ խիստ օրենսդրության շնորհիվ ԵՄ-ում գործնականում հնարավոր չէ անօրինական հեռախոսների շրջանառություն։ 

Այնուամենայնիվ, ԵՄ-ում բջջային օպերատորները ունեն իրենց բաժանորդների շտեմարանները, սակայն Միությունը դրանք մեկ տեղում չի հավաքում, ինչպես նախատեսվում է անել Հայաստանում։

Նկարը՝ Կառավարության էջից․ ընդգծումը՝ «Ինֆոքոմի»

Բացի այդ՝ հեռախոս արտադրողներն ու բջջային օպերատորները հիմա էլ ունեն համակարգեր, որտեղ կարելի է գրանցել IMEI կոդը՝ նշեով, որ հեռախոսը կորել է կամ գողացվել է։

Այսպիսով, կառավարությունը առկա մտահոգությունները փարատելու համար հանդես է եկել պարզաբանմամբ, սակայն այն չի տալիս ծագած բոլոր հարցերի պատասխանները։ Նշենք, որ նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան