08abasggr8opfrxnagbhnn6oavetj9waaqckazrs

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա Էլ-Նագգարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունների զարգացմանը և նոր ծրագրերի  իրագործմանը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:

Դեսպան Ամալ Աֆիֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքերի ներդրման պատրաստակամությունը: Այս համատեքստում նա նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է նաև պատվիրակության կազմում ընդգրկված եգիպտացի մտավորականների գործունեությանը՝ նրանց հետ կապերի ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության և Եգիպտոսի հայկական համայնքի պատմության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործում։

Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը, ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում արաբալեզու ընթերցողների շրջանում։

Գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա Էլ-Նագգարը ևս ներկայացրել է իր գործունեությունը։

Նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ։

Հանդիպմանը  քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն