ՀՀ 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը:
Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ինքը Սիմոնյանը:
«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքս ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն գոյություն ունի վարչություն, ես ենթարկվում եմ իմ վարչությանը։ Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ՝ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- նշեց նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նաև նշեց, որ ուզում է անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնել և հանգստանալ:
Սիմոնյանը «անհեթեթություն» անվանեց լուրը, թե իրեն առաջարկվել է ՀՀ նախագահի պաշտոնը:
«Դա անհեթեթություն է։ Երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել։ ՀՀ-ն ունի մեկ նախագահ։ Որպես քաղաքացի իմ կողմից ամենասիրված, հարգված նախագահն է, նման խոսակցությունն ուղղակի անհեթեթություն է։ Որևէ պաշտոնյայի հետ երբևէ նման բան չի քննարկվել, չեմ լսել, չեմ խոսել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ խնդրելով դադարեցնել այդ խոսակցությունները՝ դրանք ոչ կոռեկտ անվանելով։
Սիմոնյանը հայտնեց, որ քաղաքականության մեջ իր ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ: