factor.am Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ զրպարտության և վիրավորանքի հոդվածի հատկանիշներով։ Հայցի համար հիմք է հանդիսացել մայիսի 31-ին Առաջին ալիքի «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ»-ի ժամանակ Ալեքսանյանի որոշ արտահայտություններ։ Մասնավորապես, բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի մասին խոսելիս ՔՊ-ական պատգամավորն օգտագործել է «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622.000 դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» խոսույթը։
Անդրանիկ Թևանյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Վահագն Ալեքսանյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել իր հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով ինչպես տեքստով, այնպես էլ բանավոր տեսագրության հրապարակմամբ հետևյալ բովանդակությամբ։
«ՀԵՐՔՈՒՄ, 31.05.2026 տեղի ունեցած մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» վերտառությամբ բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622.000դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»:
Թևանյանը պահանջում է նաև ներողություն խնդրել իրենից՝ կրկին ինչպես տեքստային, այնպես էլ տեսագրության միջոցով՝ նշելով հետևյալ տեքստը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում