Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են գնդապետ Էդիկ Մալոյանն ու զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա

Պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով ձերբակալվել են գնդապետ Էդիկ Մալոյանն ու զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել  պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն