Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ | 1lurer.am

Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ | 1lurer.am

1lurer.am  Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով բարձրացնել անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը:

Պայմանագրով նախատեսվում է՝

1) վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում,

2) ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։

Պայմանագրի հիմնական սկզբունքներն են՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարմանը մասնակցող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովումը, կողմերի ազգային օրենսդրության պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարում իրականացնելու ընթացքում վերահսկելի օբյեկտի պահպանվածության և դրա նկատմամբ հսկողության ապահովումը։

Պայմանագրի համաձայն` միջազգային վերահսկելի մատակարարման իրականացման ընթացքում իրավասու մարմինների հիմնական խնդիրներն են՝ միջազգային, միջտարածաշրջանային հանցավոր կապերի, ուղիների և վերահսկելի օբյեկտների տեղափոխման երթուղիների հայտնաբերումը, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումն ու պարզումը, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների, հասարակության, ազգային անվտանգության, պետության համար սպառնալիք առաջացնող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն